Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը եւ ընդգծել, որ բանկը մեր երկրի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն: «Մենք շահագրգռված ենք համագործակցության զարգացմամբ եւ նախանշված բոլոր ծրագրերի հաջողությամբ իրականացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով ծրագրերն ավելի արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ համատեղ աշխատելու եւ հնարավոր բոլոր կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու անհրաժեշտությունը: Վարչապետը հավելել է, որ ՀՀ նոր կառավարության առաջնահերթություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է եւ այդ նպատակով կարեւորում է վարկերի օգտագործման արդյունավետության բարձրացումը:
Ֆրենսիս Մալիժը նշել է, որ Հայաստանը ՎԶԵԲ-ի կարեւորագույն գործընկերներից մեկն է, եւ բանկը պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ նոր կառավարության հետ: ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ կարեւորում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած դիտարկումները եւ նշել, որ բանկը շահագրգռված է ընդլայնել գործունեությունը մեր երկրում տարբեր ոլորտներում: Պարոն Մալիժը տեղեկացրել է, որ առաջիկա աշնանը Հայաստան է այցելելու ՎԶԵԲ տնօրենների խորհրդի պատվիրակությունը, ինչը լավ հնարավորություն կլինի քննարկելու երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությանը վերաբերող հարցերի, անդրադարձել տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձեւաչափով իրականացվող ծրագրերին:





























