Արսեն Քարամյանն ազատվելու է սպորտի եւ երիտասարդության փոխնախարարի պաշտոնից։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից, որին նշանակվել էի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009 թվականի մայիսի 4-ին:

Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, բոլոր այն մարդկանց, ում աջակցությամբ հնարավոր եղավ որոշակիորեն բարեփոխել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը: Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց հույսերն ու ակնկալիքները չեմ կարողացել արդարացնել: Արել եմ ուժերիս առավելագույնի չափով։

Միեւնույն ժամանակ շարունակելու եմ ակտիվ հասարակական գործունեություն ծավալել՝ որպես ԵՊՀ Շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության նախագահ:

Մենք բարձր պատասխանատվությամբ շարունակելու ու ավարտին ենք հասցնելու երիտասարդ ընտանիքներին ուղղված սոցիալական բնակարանաշինական մեր բոլոր ծրագրերը՝ ճիշտ նույն պատասխանատվությամբ ու ճշգրտությամբ:

Խաղաղություն ու զարգացում մեր երկրին ու ժողովրդին»: