Սիրիական Մանբիջի շուրջ թուրք-ամերիկյան համատեղ ծրագրի իրականացման սկիզբը կարող է նոր էջ բացել Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախօրեին այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները ճգնաժամի մեջ են հայտնվել Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապված Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG), որոնց Անկարան ահաբեկչական խմբավորում է համարում, ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության պատճառով: Վաշինգտոնն իր գործողությունները բացատրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարով: Ավելի վաղ Թուրքիան բազմիցս մեղադրել էր ԱՄՆ-ին՝ YPG-ին Մանբիջից դուրս բերելու մասին խոստումներին հավատարիմ չմնալու համար այն բանից հետո, երբ 2016 թվականին քրդական միավորումները ազատագրեցին քաղաքը «ԻՊ»-ից:
«Եթե Պոմպեոյի հետ հանդիպման արդյունքում մենք որոշում կայացնենք Մանբիջի շուրջ պլանի իրականացման վերաբերյալ, ապա երկու երկրների միջեւ հարաբերություններում նոր էջ կբացվի», - ասել է Չավուշօղլուն:
Թուրքիան հույս է հայտնել, որ սիրիական Մանբիջի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը կիրականանա

Հասանելի է
русский



























