Վիեննայում Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջնորդների հանդիպման հնարավորությանն անդրադարձ է եղել Դոնալդ Թրամփի եւ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցների ժամանակ, հաստատել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Միեւնույն ժամանակ, հանդիպման վայրի մասին կոնկրետ պայմանավորվածություններ չկան, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ շեշտել է նա:

Նա պարզաբանել է, որ Վաշինգթոնում եւ Մոսկվայում «տարբեր քաղաքներ են դիտարկվում, որոնք կարող են համապատասխանել 2 նախագահների հանդիպմանը»:

Հարցին՝ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ քննարկվե՞լ է Վիեննայում 2 երկրների ղեկավարների գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը, Պեսկովը միանշանակ պատասխան չի տվել՝ նշելով, որ «հիշատակվել է, որ Վիեննան կարող է այդպիսի քաղաք դառնալ»:

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Ավստրիա այցի ժամանակ Պուտինը կանցլերին խնդրել է նպաստել Վիեննայում Թրամփի հետ հանդիպման անցկացմանը: Աղբյուրի խոսքով՝ Կուրցը խոստացել է Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպման մասին Պուտինի խնդրանքը փոխանցել Սպիտակ տուն: ԱՄՆ նախագահի վարչակազմում, այս տեղկությունը մեկնաբանելով, հաստատել են, որ Ավստրիայի իշխանությունները գագաթնաժողովն իրենց մոտ ընդունելու պատարստակամություն են հայտնել: