Լիբանանի կառավարությունը Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունից թեկնածու Դիանա Վարդանյան-Մարատյանին նշանակել է երկրի Վիճակագրության կենտրոնական վարչության գլխավոր տնօրեն, հայտնել է Լիբանանում ՀՅԴ մամուլի ծառայությունը։
Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 8-ին կառավարության՝ Բաաբդայի պալատում կայացած նիստում, որը նախագահել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։ Նշանակման մասին հայտնել է նաև երկրի նախագահի վարչակազմը։
Վարդանյան-Մարատյանը Բեյրութի Ամերիկյան համալսարանում ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան, որտեղ ավելի վաղ նույն մասնագիտությամբ ավարտել էր բակալավրիատը՝ հոգեբանության գծով լրացուցիչ մասնագիտացմամբ։
Նա ունի միջազգային կազմակերպություններում աշխատանքի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ, այդ թվում՝ շուրջ 15 տարի Լիբանանում ՄԱԿ զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցչությունում։ Նրա մասնագիտական գործունեության շրջանակն ընդգրկել է պետական ինստիտուտների բարեփոխումը, պատշաճ կառավարումը, օրենքի գերակայության ամրապնդումը, խորհրդարանական ինստիտուտների զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և կոռուպցիայի դեմ պայքարը։





























