Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատելու հարցը: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շեշտել է ուկրաինացի քաղբանտարկյալներին արագ ազատելու կարեւորությունը, որոնք պահվում են Ռուսաստանում եւ օկուպացված տարածքներում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պորոշենկոն ուշադրությունը կենտրոնացրել է ուկրաինացիների հացադուլի վրա եւ մտահոգություն հայտնել նրանց առողջական վիճակի վատթարացմամբ: Զրույցի ընթացքում Պորոշենկոն եւ Պուտինը պայմանավորվել են, որ առաջիկայում Ուկրաինայում եւ ՌԴ-ում մարդու իրավունքների լիազորված պաշտոնյաները բանտարկյալներին կայցելեն:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել է Ուկրաինայի հարավ-արեւելքի իրավիճակը եւ մինսկյան «համալիր միջոցառումների» կատարումը, այդ թվում՝ հաշվի առնելով Բեռլինում հունիսի 11-ին «նորմանդական ձեւաչափի» պետությունների ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը:




























