«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի նախապատրաստումը միանգամայն ժամանակին արված քայլ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում գրեթե 207 հազար մարդ արդեն ընդգրկված է կլենսաթոշակային ապահովման համակարգի մեջ: «Եթե հիմա այս գործընթացը չեղարկեն, ապա ոչինչ չի ստացվի, քանի որ կենսաթոշակային հիմնադրամները հայտնի միջազգային կազմակերպությունների կառավարման ներքո են, որոնց հետ համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել: Այս համաձայնագրերից հրաժարվելը կբերի մեզ համար նոր ծանրաբեռնվածությունների առաջացման»,- պարզաբանեց Բոստանջյանը՝ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը ընդդիմություն եղած ժամանակահատվածում կտրականապես դեմ էր հանդես գալիս պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը:  

Պատգամավորի կարծիքով՝ խնդրի լավագույն լուծումն է կուտակային կենսաթոշակային հիմնադրամին քաղաքացու եւ պետության փոխանցվող գումարի հարաբերակցության վերանայումը, ինչն ուղղված է պետության աջակցության հաշվին քաղաքացու հարկային բեռը մեղմելուն:

Հարցին՝ իսկ պետությունը միջոցներ ունի՞ օրենսդրության այդպիսի բարեփոխման իրականացման համար, Բոստանջյանը պատասխանեց, որ չի կարող չունենալ, ծայրահեղ դեպքում ստիպված կլինեն ինչ-որ կերպ հայթայթել: «Եթե պետական միջոցներն ավելի ռացիոնալ օգտագործվեն, ապա մեզ մոտ այդպիսի խնդիրներ չեն առաջանա»,- հավելեց պատգամավորը:

Իսկ ի պատասխան հարցին՝ կոնկրետ որտե՞ղ եւ ի՞նչ կերպ են պատրաստվում «հայթայթել» պակասող միջոցները կառավարության կողմից արդեն հավանություն ստացած օրինագծի իրականացման համար, Վարդան Բոստանջյանը նշեց, որ մինչեւ այսօր եղած աննշան ֆինանսական միջոցներն իրացվել են չափազանց ոչ արդյունավետ: Ուստի, ըստ ԱԺ պատգամավորի, խնդիրը կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե առկա միջոցները շարունակեն ռացիոնալ կերպով ծախսվել, ապահովվի մենաշնորհների դեմ պայքարը, եւ հանրապետությունում ազատ մրցակցություն ստեղծվի: «Այս ամենը ենթադրում է, որ մեր բյուջեն կհամալրվի լրացուցիչ միջոցներով: Իմ գնահատականներով՝ առաջին տարում շահույթը պետք է մոտ 300-500 մլն դոլար կազմի: Այսինքն՝ մեզ մոտ, նախորդ տարիների համեմատ, շահույթ կլինի, որը թույլ կտա լուծել այսպիսի խնդիրները»,- եզրափակեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստին հավանություն տրվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որը ենթադրում է, որ մասնավոր հատվածում կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 1-ից՝ չնայած ավելի վաղ արված բոլոր հավաստիացումներին:

Բացի այդ, կառավարությունը, հավաստիացնելով, որ ձգտում է մեղմել բնակչության համար հարկային բեռի անխուսափելի ավելացումը, լրացում էր նախաձեռնել, որի համաձայն ժամանակավորապես կկրճատվի քաղաքացիների թիվն ընդհանուր գումարում, որը փոխանցվում է կուտակային կենսաթոշակային ֆոնդին: Ըստ գործող կանոնակարգի՝ մարդը կուտակում է եկամտի 10 տոկոսը, 5 տոկոսը վճարում է ինքը՝ աշխատողը, իսկ «կեղտոտ» աշխատավարձի 5 տոկոսը փոխանցում է պետությունը: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ 2.5 տոկոսը կփոխանցի աշխատակիցը, իսկ 7.5 տոկոսը՝ պետությունը. օրինակ, 200000 դրամ աշխատավարձի դեպքում, ըստ օրինագծի, քաղաքացին 5000 դրամ (2.5 տոկոս) կփոխանցի, իսկ պետությունը` 15000 (7.5 տոկոս): Այս տոկոսադրույքները կգործեն մինչեւ Հարկային օրենսգրքում փոփոխությունների ուժի մեջ մտնելը: