Ես չեմ կարծում, որ հեղափոխությունից հետո դատարաններն սկսել են ավելի լավ որոշումներ կայացնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Մի քանի աղմկահարույց գործերով պատգամավորների տված երաշխավորագրերով խափանման միջոց կալանքը փոխվել է, բայց դա դեռ չի նշանակում, որ դատական համակարգը սկսել է շնչել: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից Արման Մկրտումյանի հրաժարականից հետո հնարավորություն կա դատական համակարգը թարմացնելու»,-սաց նա:

Ինչ վերաբերում է  նոր իրողություններին, Մարուքյանը նկատեց, որ դատավորները պետք է սկզբունքային կերպով հայտարարեն, թե ինչն է իրենց խանգարել, որ միշտ կալանք են կիրառել որպես խափանման միջոց, կամ անարդար ակտեր են կայացրել: «Ասել, որ դե էն ժամանակ պայմաններն այդպիսին են եղել, անընդունելի է: Երբ պայմանները լավն են, բոլորն ազատ են, չի երեւում, թե ով է սկզբունքային: Սկզբունքայինները երեւացել են այն ժամանակ, երբ այդ պայմանները ազատ չեն եղել: Բայց մենք հիմա հիշում ենք, թե ով ինչով է զբաղվել»,-ընդգծեց պատգամավորը: