Որոշ վարորդներ անթույլատրելի տեսանկյունից են գնահատում ոստիկանության բարեփոխումը` չգիտակցելով, որ ճանապարհային ոստիկանության խնդիրը ոչ թե իր լիազորությունների ցուցադրումն ու տուգանելն է, այլ երթեւեկության կուլտուրայի բարձրացման միջոցով մասնակիցների անվտանգության ապահովումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Անցած գիշեր ճանապարհային ոստիկանները երթեւեկության կանոնները խախտելու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք են բերել 32 ավտոմեքենա, որոնցից 18-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում։
Ճանապարհային ոստիկանությունը երթեւեկության կազմակերպման գործում որդեգրել է առավելագույն հանդուրժողականության քաղաքականություն, ինչը ենթադրում է պատժամիջոցների փոխարինում կանխարգելման միջոցառումներով, այլ խոսքով` ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքը թույլատրելի ու հնարավոր դեպքերում փոխարինվում է բանավոր դիտողությամբ նախազգուշացումով:
Այս քայլն ուղղված է հանրային իրավագիտակցության բարձրացմանը եւ ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես թուլություն կամ երթեւեկության վերահսկողության թուլացում: Ցավոք, մեր որոշ քաղաքացիներ հենց այս` անթույլատրելի տեսանկյունից են գնահատում բարեփոխումը` չգիտակցելով, որ ճանապարհային ոստիկանության խնդիրը ոչ թե իր լիազորությունների ցուցադրումն ու տուգանելն է, այլ երթեւեկության կուլտուրայի բարձրացման միջոցով մասնակիցների անվտանգության ապահովումը:
Ի վերջո, ոչ մի պատժամիջոց, ոչ մի տուգանք, ոչ մի վարորդական իրավունքից զրկում չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը, չի կարող վերադարձնել վթարից կամ վրաերթից զոհված մարդկանց:
Հիշենք հանրապետության ճանապարհներին ամեն տարի զոհվող մեր հարյուրավոր հայրենակիցներին, մեր ինքնահավանությանը, անտարբերությանը, անկարգապահությանը զոհ դարձող երեխաներին հիշենք ու հասկանանք վերջապես, որ սա վիճակագրություն չէ, ողբերգություն է, որի պատասխանատուն մենք ենք:
Սիրելի հայրենակիցնե´ր, գոյություն ունի երթեւեկության կառավարման երկու եղանակ` ռեպրեսիվ միջոցներով եւ երթեւեկության կուլտուրայի բարձրացման ճանապարհով:
Ոստիկանությունն ունի երթեւեկության կանոնները խախտողներին խստագույնս պատժելու բոլոր լիազորությունները եւ հարկ եղած դեպքում լիարժեք կիրառում ու կիրառելու է դրանք, բայց նախընտրելին երկրորդ ուղղությունն է, եւ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, որոնք վարորդ, ուղեւոր ու հետիոտն են, որպես ճանապարհային ոստիկանության լիարժեք գործընկերներ մասնակցել երթեւեկության կուլտուրայի բարձրացման այս նախաձեռնությանը:
Խնդիրը բարդ չէ. պարզապես չգերազանցենք թույլատրված արագությունը, մերժենք ոգելից օգտագործած վիճակում մեքենա վարելու միտքն անգամ, կապենք ամրագոտիները, ուշադիր ու հոգատար լինենք երթեւեկության մյուս մասնակիցների հանդեպ, եւ կունենանք այնպիսի երթեւեկություն, որի համար բնորոշ կլինեն ոչ թե զոհերն ու վիրավորները, այլ փոխադարձ օգնությունը,հանդուրժողականությունը...
Ոստիկանությունը հավատում է այս հեռանկարին ու բարի ճանապարհ մաղթում երթեւեկության բոլոր մասնակիցներին»:





























