Այս տարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ շահաբաժինները կուղղի զարգացման ծրագրերին: 

Այսպիսով,ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն բաժնետերերին չի վճարի 2017 թվականի գործունեության արդյունքներով շահաբաժինները: Այս մասին միաձայն որոշումն ընդունվել է հունիսի 15-ին` բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում:

Ինչպես նշեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, բանկի 2,004 մլրդ դրամ զուտ շահույթը, որը ստացվել է 2017 թվականի արդյունքներով (2016-ի համեմատ աճը կազմել է 84,1 տոկոս), կուղղվի կապիտալի համալրմանը:

Բանկն այս պահին ներդնում է «Բազել-3» ստանդարտը եւ լրացուցիչ կապիտալի կարիք ունի: «Նոր համակարգը նախատեսում է անվտանգության եւ աճի նոր միջոցներ, որի համար կապիտալի մեջ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ»- պարզաբանեց Աշոտ Օսիպյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ 2017 թվականը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համար հաջողված էր, քանի որ հաջողությամբ իրականացվել է Հայկական զարգացման բանկի գնման եւ միաձուլման գործարքը: Բանկը նաեւ սկսել է ներդնել ներդրումային եւ թվային բանկինգ:

2017 թվականի արդյունքներով բանկը գրանցել է աճի բավականին տպավորիչ ցուցանիշներ, որոնք կազմել են միջինը 50 տոկոս: Սա վկայում է, որ բանկը բոլոր ուղղություններով իր շուկայական դիրքերն ամրապնդել է: «Անցյալ տարին ակներեւաբար ցույց տվեց, որ բանկը կարող է կատարել իր առջեւ դրած բոլոր խնդիրները, ապահովել չլիմիտավորված աճ, ներդնել նոր տեխնոլոգիաներ եւ ծառայություններ» »- շեշտեց բանկի վարչության նախագահը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին բանկի առաջնահերթ խնդիրն է ակտիվների եւ վարկերի համահարաբերակցությունը ներկայիս 50 տոկոսից մինչեւ 70 տոկոս հասցնելը՝ փոքր եւ միջին բիզնեսի ակտիվ ֆինանսավորման, նոր հիփոթեքային արտադրանքի ներդրման, միջազգային առեւտրի ֆինանսավորման, դրամական փոխանցումների հաշվին  ոչ տոկոսային  եկամուտների մեծացման, կոմունալ վճարումների, ապահովագրությունների վաճառքի, պետական ծառայությունների մատուցման, սքորինգային ծառայությունների ներդրման հաշվին:

2017 թվականի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  ակտիվները կազմել են 212,5 մլրդ դրամ՝ մեկ տարվա վաղեմության ցուցանիշի համեմատ աճելով 42,4 տոկոսով: Բանկի պարտավորություններն աճել են 52,8 տոկոսով՝ հասնելով մինչեւ 177,3 մլրդ դրամի, վարկերը՝ 80,1 տոկոսով, մինչեւ 119,2 մլրդ դրամ, կապիտալի աճը կազմել է 6,1 տոկոս, մինչեւ 35,2 մլրդ դրամ, հաճախորդներից ընդունած կոմունալ վճարումները կազմել են 19,5 մլրդ դրամ՝ աճելով 13,6 տոկոսով, իսկ բանկի պլաստիկ քարտերի թիվը մեծացել է 10 տոկոսով, մինչեւ 148 310 հատ: