Լիբերալ հայացքների տեր մարդիկ ավելի հաճախ են լատե (էսպրեսոյի եւ կաթի հիմքով իտալական սրճային խմիչք) խմում, քան պահպանողականները, պարզել են Փենսիլվանիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները: Նկարագրված տարրբերության պատճառները նրանք ներկայացրել են Political Science & Politics-ում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները հարցում են անցկացրել շուրջ 1500 ամերիկացիների շրջանում, որոնցից 1000-ը սուրճի մոլի սիրահարներ էին: Նրանք հավաքել են վերջիններիս սրճային նախասիրությունների, քաղաքական հայացքների, եկամտի, սեռական պատկանելիությանը, գլոբալացման նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ տվյալները: Ինչպես պարզվել է, եւ՛ լիբերալները, եւ՛ պահպանողականները նույնքան սուրճ են սիրում եւ երբեմն լատե են խմում: Սակայն լիբերալների շրջանում լատեի սիրահարները 16 տոկոս են կազմում, իսկ պահպանողականների շրջանում՝ ընդամենը 9: Չափավոր հայացքների տեր մարդկանցից լատե է նախընտրում 11 տոկոսը:
Վերլուծելով տվյալները՝ հետազոտողները պարզել են, որ որքան ավելի շատ է հարցվողին դուր գալիս գլոբալացման գաղափարը, այնքան նա ավելի շատ է լատե խմում: Եվ հակառակը՝ ավելի ազգայնական տեսակետների տեր մարդիկ ավելի հազվաեպ են լատե նախընտրում:
Գիտնականների կարծիքով՝ ողջ խնդիրը լիբերալների կողմից արտասահմանյան մթերքների առավել շատ ընդունման մեջ է. եթե նրանց համար սուրճի իտալական բաղադրատոմսը էական դեր չի խաղում, ապա ավելի պահպանողական հայացքների տեր ամերիկացիներին այն կարող է վանել եւ ստիպել ինչ-որ ավելի «ամերիկյան» բան ընտրել:
Մինչդեռ, ըստ հետազոտողների, սուրճն ամեն դեպքում ներկրվում է արտասահմանից, այնպես որ, տնտեսական տեսանկյունից, ցանկացած սպառող սատարում է գլոբալացմանը, եւ լատեի օգտագործումը նպաստում է ամերիկյան տնտեսությանը՝ աջակցելով ամերիկյան կաթնային արդյունաբերությանը, փոխանցում է« Գազետա»-ն:





























