Նույնիսկ «երիտասարդ» հայկական գինեգործական արտադրամասերում, որոնք դեռ 10 տարի էլ չեն աշխատում, շատ որակյալ գինիներ են արտադրվում: Ճիշտ է, հայկական գինիները քիչ են գովազդվում, եւ Հայաստանի սահմաններից դուրս դրա մասին քչերը գիտեն: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց արտահայտվել է University of Tuscia-ի (Իտալիա) տեխնիկական մասնագետ Ռենատո Զոմպանտին:
Նրա խոսքով՝ Հայաստան կատարած 9-օրյա այցի ընթացքում նա հասցրել է լինել Գյուղատնտեսական համալսարանում, Գինու ակադեմիայում, ֆերմաներում եւ գինու արտադրամասերում, համտեսել է տարբեր գինիներ, եւ միայն մեկն է իրեն անհաջող թվացել: Մեծ մասը, նրա կարծիքով, առնվազն լավն էին, որոշները՝ շատ լավը: «Իմ կարծիքով՝ հայկական գինին կարելի է որակյալ անվանել, այն կարելի է համեմատել իտալական գինու հետ, եւ մենք քաջ հայտնի ենք մեր գինիներով: Ես այստեղ գինեգործական արտադրամասեր եմ տեսել, որոնք նույնիսկ 10 տարեկան էլ չեն, սակայն շատ-շատ լավ գինի են արտադրում: Միակ խնդիրն այն է, որ հայկական գինիները շատ գովազդված չեն, աշխարհը գրեթե ոչինչ չգիտի դրանց մասին: Ոչ բոլորը գիտեն անգամ, թե որտեղ է Հայաստանը գտնվում: Դուք պետք է աշխատեք այս ուղղությամբ, ճանապարհներ գտնեք աշխարհին պատմելու, թե ինչ հրաշալի երկիր ունեք, ինչպիսի հաճելի մարդիկ այստեղ կան (ես քիչ տեղերում եմ նման բարյացակամ մարդկանց հանդիպել) եւ ինչ լավ գինի դուք ունեք», - ասավ Ռենատի Զոմպանտին:
Հայկական գինիների որակը, նրա խոսքով, պայմանավորված է ոչ միայն գինեգործության ոլորտում լավ տեխնոլոգիաների կիրառմամբ, այլ նաեւ Հայաստանի աշխարհագրական դիրքով: Այստեղ խաղողի շատ տեսակներ կան, եւ դրանց համային որակները կախված են բազմաթիվ գործոններից, այդ թվում նաեւ նրանից, թե ծովի մակարդակից ինչ բարձրության վրա է այն աճում եւ քանի արեւային օր է լինում տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է գներին, ապա հայկական գինու գները, ըստ փորձագետի, մի փոքր ավելի բարձր են, քան պետք է լինի. նույն որակի իտալական գինիներ, ըստ նրա, ավելի էժան են:
Ռենատո Զոմպանտին նաեւ հույս հայտնեց, որ ապագայում Հայաստանի եւ Իտալիայի ուսանողների փոխանակման ավելի շատ ծրագրեր կլինեն. մի երկրի ուսանողները կարող են մեկնել մյուս երկիր՝ սովորելու, փորձ փոխանակելու համար:
Ռենատո Զոմպանտին մասնակցում է Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) հիմնադիր Լեւոն Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային հայագիտական կոնֆերանսին:
Հայկական գինիի միակ խնդիրն այն է, որ աշխարհը դրա մասին չգիտի. իտալացի փորձագետ

Հասանելի է
русский


























