Մենք տրամադրված ենք մի ամբողջ իրավական պրոցես սկսել Գարեգին Բ կաթողիկոսի դեմ, որովհետեւ վստահ ենք, որ այս կաթողիկոսը եւ իր կլանը ածանցյալն է նախկին կոռումպացված իշխանությունների: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, Էջմիածնում կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ըստ Սահմանադրության եկեղեցին անջատ է պետությունից, Կարեն Պետրոսյանն արձագանքեց. «Պետությունն ու եկեղեցին մեկ միասնական մարմին են, մեկը նյութական մասն է, մյուսը՝ հոգեւոր: Այնպես չէ, որ եկեղեցին անկախ է պետությունից, այլ ըստ Սահմանադրության Եկեղեցին ունի բացառիկ դերակատարություն հայ ժողովրդի պատմության մեջ:

Երբ Մայր աթոռում բռնապետական համակարգ է, երբ Մայր աթոռում կան բազմաթիվ խախտումներ ներկրումների հետ, որովհետեւ կան փաստեր, որ Մայր Աթոռի անունից՝ արտոնյալ ներկրման ռեժիմից օգտվել են շատ գործարարներ, եւ պետությունը չի կարող դրան չխառնվել:

Երբ կաթողիկոսը իր համագյուղացիների բանդայով Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ պատարագից հետո հարձակվում է իմ վրա, պետությունը չի կարող չխառնվել: Դա իմ նկատմամբ բռնություն է: Գուցե դավանաբանական հարցերում եկեղեցին անկախ է պետությունից, բայց կազմակերպչական հարցերում անկախ չէ, որովհետեւ Մայր Աթոռը կրոնական կազմակերպություն է եւ գործում է ՀՀ օրենսդրության սահմաններում»:

Կարեն Պետրոսյանը վստահեցրեց, որ հոգեւորականների մի մեծ զանգված իրենց հետ է, սակայն չցանկացած բացել փակագծերը: