Կիրակի անգլիական Bonhams աճուրդի տանը 56 հազար ֆունտ սթերլինգով (մոտ 74 հազար դոլար) վաճառվել է Հարրի Փոթերի մասին գրքի առաջին հազվագյուտ հրատարակությունը: Այս մասին հայտնում է Metro պարբերականը:
1997 թվականին հրատարակված «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի վերջնական գինը զգալիորեն գերազանցել է լոտի նախնական արժեքը, որը կազմում էր 35 հազար ֆունտ (մոտ 46 հազար դոլար): Պարբերականը հայտնում է, որ աշխույժ սակարկության արդյունքում գիրքը գնել է ամերիկացի հավաքորդ: Մինչ այդ գիրքը պատկանում էր մի կնոջ, որն այն ձեռք էր բերել 21 տարի առաջ:
Այս հրատարակությունը հազվագյուտ է համարվում, քանի որ գրքի առաջին խմբաքանակի մեջ է մտնում, որը հրատարակվել էր ընդամենը 500 օրինակով: Վաճառված գիրքը ուղղագրական սխալներ եւ անճշտություններ ունի, որոնք հետագա հրատարակություններում ուղղվել են:
2017-ի նոյեմբերին Հարրի Փոթերի մասին գրքի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել էր ռեկորդային արժեքով՝ 106,25 հազար ֆունտով (140 հազար դոլար): Գրքի եզակիությունն այն էր, որ այն մակագրել էր կախարդ տղայի մասին ֆանտաստիկ սագայի հեղինակ Ջոան Ռոուլինգը:





























