Միայն ուժի վրա հենվելուց լիարժեք հրաժարումը կարող է բացառել ռազմական արկածախնդրությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Տեւական ժամանակ հայկական կողմը հայտարարում է ադրբեջանական զինված ուժերի կուտակումների մասին: Ձեր կարծիքով՝ կարո՞ղ է խոսք լինել 2016 թվականի արկածախնդրության փորձի մասին:
Առայժմ չի կարելի բացառել այս կամ այն տեսքով եւ մասշտաբով նման արկածախնդրության կրկնությունը: Միայն ուժի վրա հենվելուց լիարժեք հրաժարումը կարող է բացառել նման արկածախնդրությունը, բայց ինչ-որ մեկը պատրաստ չէ դրան:
Նախիջեւանյան ուղղությունը, որը երկար տարիներ ամենահանգիստն էր, որոշ ժամանակ է՝ այդպիսին չէ: Կարո՞ղ է, արդյոք, Բաքուն այդ ուղղությունը որպես պլացդարմ օգտագործել, թե՞ խոսքն ավելի շատ վախեցնելու փորձերի մասին է:
Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսն ակնհայտորեն տարբերվում են Հեյդար Ալիեւի մոտեցումներից (ե՛ւ Նախիջեւանում, ե՛ւ Բաքվում). այն ժամանակ նա ավելի զգուշավոր էր: Նախիջեւանից նա նույնիսկ կապ էր պահում Երեւանի հետ՝ սահմանին ավելի հանգիստ իրավիճակ ապահովելու համար: Շատ լավ եմ հիշում 1992 թվականի հուլիսի վերջին այնտեղ մեր զրույցը եւ նրա մարգարեական հայտարարությունը ազգայնական ճակատի ռեժիմի եւ քաղաքականության մասին:
Ադրբեջանը համառորեն հրաժարվում է իրականացնել Կասպրշիկի խմբի ընդլայնման եւ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցով պայմանավորվածությունները: Ձեր կարծիքով՝ դա չի՞ վարկաբեկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Սա հեղինակազրկում է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այլ այն կողմին, որին անկախություն ձեռք բերելուց հետո քառորդ դարը չբավականացրեց պետությանը միջազգային պայմանագրեր կնքելուն ունակ դարձնել:
Վերջերս ակտիվացել են տարածքային փոխզիջումների մասին խոսակցությունները: Ձեր կարծիքով, սա հնարավո՞ր է հայկական կողմերի համար, եւ ինչ ձեւով:
«Տարածքային փոխզիջումներ» տերմինը հստակություն չունի: Շատ բան կախված է նրանից, թե որ տարածքների մասին է խոսը: Տարբեր տարածքներում՝ գրեթե ողջ Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի մի քանի հարեւան շրջաններում եւ Հայաստանի մի քանի սահմանային շրջաններում պատերազմ եւ ռազմական գործողություններ են կատարվել: Ռազմական գործողությունների արդյունքներով դրանց վերահսկողությունը հակամարտության կողմերը տարբեր կերպ են պատկերացնում: Լիովին հասկանալի է, որ երեք կողմերը յուրովի են տեսնում տարբեր շրջանների ճակատագիրը եւ միշտ չէ, որ դրանք դիտարկում են նախկին պետական եւ վարչական սահմաններով:
Սահմանները տեսականորեն եւ սխքոլաստիկորեն անձեռնմխելի են. սա իդեալական տարբերակում: Իսկ պատերազմի դեպքում հազվադեպ է լինում, որ պատերազմը չազդի այս կամ այն տարածքների ճակատագրի վրա:
Սա հակամարտության կողմերի միջեւ խելամիտ եւ իրական բանակցությունների առարկա է: Կշեշտեմ միայն, որ այս բանակցությունները ավելի արդյունավետ եւ ավելի արագ վերջնական արդյունք կտային, եթե կողմերը հակամարտության լուծման հարցում վճռականորեն հրաժարվեին ուժի կիրառումից: Դրա համար դժվար չէ նաեւ միջազգային երաշխիքներ ձեռք բերել: Իսկ հակառակ դեպքում, պետք չէ զարմանալ, որ 1994-ին հրադադարից հետո բանակցությունները կշարունակվեն քառորդ դարից ավել:





























