Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավամատույցների մոտ և խարիսխային կանգառներում գտնվող լցանավերի անձնակազմերին նախազգուշացրել են՝ ամերիկացի զինվորականների կողմից իրանական նավթատար նավերի վրա հարձակումների մասին հաղորդումներից հետո անհապաղ լքել նավերը, հայտնում է IRIB-ը։
«Հաշվի առնելով ԱՄՆ ահաբեկչական բանակի չարամիտ գործողությունները, որոնք ուղղված են Իրանի Իսլամական Հանրապետության մի քանի նավթատար լցանավերի դեմ, բոլոր լցամավերի անձնակազմերին նախազգուշացնում ենք, որ նրանք պետք է անհապաղ լքեն իրենց նավերը՝ թե՛ խարիսխային կանգառներում, թե՛ նավամատույցների մոտ, քանի որ դրանք թիրախներ կդառնան»,- ասվում է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։
Իրանական հեռուստատեսության թղթակիցը Ջասքի ափից հայտնել է Ջասք նավահանգստի շրջանում՝ ափին մոտ, իրանական նավթատար լցանավերի վրա հարձակման մասին։ Նրա տվյալներով՝ դրանից կարճ ժամանակ անց որոտացել է ևս մեկ պայթյուն, սակայն դրա աղբյուրն ու վայրը դեռևս չեն հաստատվել։
Պետական հեռուստատեսության մեկ այլ թղթակից, հղում անելով Խարգ կղզու աղբյուրներին, հայտնել է խարիսխային կանգառում գտնվող ևս մեկ իրանական նավթատար լցանավի վրա հարձակման մասին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ նավի անձնակազմը տարհանվել է հարձակումից հետո առաջին իսկ րոպեներին։ Ավելի ուշ հաղորդվել է Ջասքի ջրատարածքի մոտ գտնվող երկրորդ լցանավի վրա հարվածի մասին։
Հաղորդվում է, որ երկու լցանավերի անձնակազմերն էլ փրկարարական նավակներով շարժվում են դեպի Ջասքի ափ։





























