Չինաստանը բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ ԱՄՆ իշխանությունների կողմից չինական ապրանքների ներկրման համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման կապակցությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, նշվում է Չինաստանի առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ:

Ուրբաթ օրը նախարարության մամուլի քարտուղար Գաո Ֆենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «մաքսատուրքերի մահակի օգնությամբ ԱՄՆ-ի ահաբեկումն առեւտրում չի համապատասխանում ժամանակակից աշխարհի միտումներին»: Նրա խոսքով՝ Չինաստանն ԱՄՆ-ի կողմից սպառնալիքների եւ շանտաժին ի պատասխան «գլուխը չի կախի»: ԱՄՆ-ն օրերս կրկին սկսել է սպառնալիքներ հնչեցնել առ այն, որ մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ապրանքների ներմուծման համար, այս անգամ արդեն՝  500 միլիարդ դոլարի (2017 թվականին Չինաստանի ներկրումը կազմել է 505.5 միլիարդ դոլար):

Գաո Ֆենի խոսքով՝ ինաստանը երբեք չի «առաջինը չի կրակի», սակայն եթե ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր սահմանի, ապա ստիպված կլինի պատասխանել:

Հունիսի կեսերին Վաշինգտոնը հայտարարել էր Չինաստանից 50 մլրդ դոլարի ապրանքների ներմուծման համար 25 տոկոսի չափով պաշտպանիչ մաքսատուրքերի սահմանման մասին: