Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության А320 օդանավի աղետի առավել հավանական պատճառը սրահում հրդեհն է, հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով BEA հաղորդագրությունը:
Սա հակասում է Եգիպտոսի իրավապահ մարմինների տեղեկություններին, որ օդանավի ուղեւորների մասունքների վրա հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր:
BEA-ից նշել են, որ օդանավի խցիկում հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ամբողջ օդանավը եւ հանգեցրել օդանավի կառավարման կորստի: Արդյունքում օդանավն ընկել է Միջերկրական ծովը, իսկ աղետին զոհ է գնացել 66 մարդ, այդ թվում՝ Ֆրանսիայի 15 քաղաքացի եւ 40 եգիպտացի:
Ինչ վերաբերում է եգիպտական վարկածին, որ աղետի պատճառ կարող էր լինել ահաբեկչությունը, ապա ֆրանսիացի փորձագետները նշել են, որ իրենց տրամադրության տակ այդպիսի տվյալներ չկան: Ըստ որում՝ Փարիզը Կահիրեին առաջարկել է համագործակցությունը շարունակել օդանավի կործանման հետաքննության գործում:




























