Եթե Ադրբեջանը լավ վճարի Վրաստանին, այն կարող է վաճառել գազատարը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար, փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը` խոսելով Ռուսաստան - Հայաստան գազատարի վրացական հատվածի հնարավոր վաճառքի մասին:

«Վրաստանի համար դա սկզբունքային հիմնախնդիր չէ: Եթե այն իսկապես մտադիր է վաճառել իր հատվածը, ապա վճռորոշ դեր կխաղա ֆինանսական հարցը: Ով ավելի շատ վճարի, նա էլ շատ կստանա», - հայտարարեց փորձագետը:

Ալեքսանդր Խրամչիխինը քիչ հավանական համարեց նաեւ Ռուսաստանի կողմից գազատարի վրացական հատվածի գնման հավանականությունը:

 «Ռուսաստանն ու Վրաստանը գրեթե պատերազմական իրավիճակում են` սառը պատերազմի: Սակայն մյուս գործոնը, որ կարող է ստիպել Վրաստանի չվաճառել գազատարը` Հայաստանի հետ վերջնականապես չգժտվելու ցանկությունն է», - ընդգծեց փորձագետը: Խրամչիխինը վերջում մեկ անգամ եւս շեշտեց, որ լավ գնի դեպքում Վրաստանը կվաճառի գազատարն Ադրբեջանին: