Թերթն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում երկգլխանի հորթի ծննդյան փաստին եւ զրուցել կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Յավրույանի հետ:
«Ես տեսել եմ եռոտանի հորթ, որ վերջերս է ծնվել, երկու մարմին, մեկ գլուխ ունեցող կենդանիների: Ամասիայի շրջանից սկսած մինչեւ Մեղրի այդ դեպքերը պարբերաբար լինում են, բայց հազվադեպ են»,- ասել է կենսաբան Յավրույանը:
«Կարող է կովին հղիության շրջանում քիմիկատներով սնունդ են տվել, կամ այդ շրջանում ինչ-որ մեկը ուժեղ հարվածել է կենդանուն, հնարավոր է՝ կովը ստրես է ապրել»,- նշել է գիտնականը:
NEWS.am-ի կողմից. Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի բնակիչ Հակոբ եւ Ալինա Ավետյանների անասնագոմում հունվարի 25-ին առավոտյան ժամը 10-ին կովը երկգլխանի հորթուկ է ծնել: Ըստ ամուսինների՝ կովը դժվարությամբ է լույս աշխարհ բերել հորթուկին։ Կովին «ազատել են» ընտանիքի անդամները։ Երկգլխանի հորթուկը կերակրվում է օրը 3 անգամ, սակայն ոչ թե իրեն ծնած կովից, այլ ընտանիքի անդամներն են կերակրում։
Ըստ տեղի անասնաբուժների՝ եթե հորթուկը ապրի երեք օր, ապա նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնա։ Ուշագրավ է, որ հորթուկը էգ է, սակայն անասնաբույժների խոսքով, ունի արուին բնորոշ հատկություններ: Գյուղացիներն ապշած են տեղի ունեցածից, նրանք մինչ այս երկգլխանի հորթ չէին տեսել։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի



























