Հայկական քաղավիացիան պետք է զարգանա 3 ուղղություններով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ, ավիատոր Դմիտրի Ադբաշյանը:

«Ես քաղավիացիայի զարգացման ծրագիր եմ գրել: Իմ կարծիքով՝ քաղավիացիայի վարչության պետը պետք է 3 քաղաքականություն տանի: Մեկը կադրայինն է, այսինքն՝ ճիշտ ընտրի օդաչուներին եւ ինժեներներին, դիսպետչերներին եւ այլն: Հիմա Հայաստանում մի քանի օդաչու կա եւ 3 ինքնաթիռի հրամանատար: Մարդ չկա,  բայց Հայաստանում աշխատելու ցանկություն ունեցողները շատ են: Վերջերս միայն 130 օդաչու հավաքվել էին Հայաստանում, բոլորն ասում էին՝ վերջապես ե՞րբ կկարողանանք վերադառնալ մեր հայրենիք եւ սպիտակ մարդկանց պես ապրել»,- ասաց Ադբաշյանը:

Քաղաքականության երկրորդ ուղղությունը, ըստ Ադբաշյանի, տեխնիկական է. պետք է որոշել, թե ինչ տիպի ինքնաթիռներ են անհրաժեշտ:

«Մենք պետք է նայենք, ուզում ենք զարգացնել միջին երկարության գծերը, թե՞ երկար երկարության գծերը: Ըստ այդ քաղաքականության՝ արդեն կորոշվեն ինքնաթիռների տեսակները: Պիտի նստել, մտածել եւ կողմնորոշվել»,- ասաց նա:

Քաղավիացիայի քաղաքականության երրորդ ճյուղը ներդրումներն ու էկոնոմիկան են: «Այստեղ Տաթեւիկ Ռեւազյանն ինչ-որ ուսում է ստացել եւ, երեւի, մեր խորհուրդների կարիքը չունի»,- հավելեց Ադբաշյանը:

Նշենք, որ վերջերս Քաղավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել 30-ամյա Տաթեւիկ Ռեւազյանը, ով ապրել, կրթություն է ստացել Դանիայում եւ վերջերս է վերադարձել Հայաստան: