ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դիմել Թուրքիային՝ խնդրելով միանալ Եմենի հութիական «Անսար Ալլահ» շարժման դեմ ռազմական գործողություններին։ Դրա մասին նա հայտարարել է լրագրողներին Սպիտակ տան Հարավային մարգագետնում, հաղորդում է Reuters-ը։
Լրագրողները ամերիկացի առաջնորդին հարցրել են՝ մտադի՞ր է արդյոք նա խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցել հութիների դեմ գործողությանը։
«Միգուցե դիմեմ նման քայլի։ Նա իմ լավ ընկերն է, ինչպես գիտեք։ Ես մեծ հարգանք եմ տածում Թուրքիայի նախագահի նկատմամբ։ Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրանից կխնդրեմ»,- պատասխանել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը չի հայտնել՝ արդյոք արդեն դիմե՞լ է թուրք առաջնորդին նման խնդրանքով, և քննարկվե՞լ է արդյոք գործողությանը Թուրքիայի մասնակցության հնարավորությունը։
Հայտարարությունը հնչել է Եմենի շուրջ հակամարտության սրման հետնապատկերին։ Վերջին օրերին հութիներն ուժեղացրել են Սաուդյան Արաբիայի օբյեկտների, դրանց թվում՝ Էր-Ռիադի օդանավակայանի վրա հարձակումները։ Այդ հարվածները մարդկային զոհերի և ավիահաղորդակցության խափանումների են հանգեցրել։ Ավելի վաղ Թրամփը չէր բացառել նաև ԱՄՆ-ի մասնակցությունը հութիների դեմ հարվածներին՝ Սաուդյան Արաբիայի հետ համատեղ։





























