ՀՅԴ-ն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» թափանցիկության ապահովման մասին հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է.
«Վերջին օրերին դարձյալ ակտիվացել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շուրջ հասարակական եւ քաղաքական քննարկումները, ինչը, անշուշտ, պայմանավորված է այս ռազմավարական ծրագրից սպասվող մեծ ակնկալիքներով եւ վերցված վարկային միջոցների արդյունավետ օգտագործման հրամայականով: 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը եւ խնդիրները» թեմայով վերլուծությունը, որի շրջանակում ուսումնասիրվել են շուրջ 4000 էջ փաստաթղթեր, եւ արձանագրվել են կազմակերպական, ֆինանսական, ժամկետային եւ որակական հարցերի վերաբերյալ մտահոգություններ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը եւ վստահությունն ապահովելու, ինչպես նաեւ մեր ամբողջական եւ խորքային հետազոտությունն ավարտելու նպատակով առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, հանրայնացնել հետեւյալ տեղեկությունները՝ տեղադրելով այս կայքում եւ պահպանելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի (1, 2, 3, 4 եւ 5 տրանշների) կառուցման տեխնիկատնտեսական նախագծերի բոլոր տարբերակների տնտեսական հաշվարկների, դրանք իրականացնող կազմակերպությունների, պայմանագրերի եւ ընդունման-հանձնման ակտերի մասին՝ սկսած 2007 թվականից,
2. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները կատարող կազմակերպությունների կապալի պայմանագրերի, ընթացիկ վերահսկողական պայմանագրերի եւ ընդունման-հանձման ակտերի մասին,
3. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները կատարող ենթակապալառու եւ մատակարար կազմակերպությունների մասին,
4. Շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի արդյունքում ընտրված «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» (Տրանշ 1 եւ Տրանշ 2) եւ «Սինոհիդրո Քորփորեյշն» (Տրանշ 3) ընկերությունների նկատմամբ կիրառված տույժերի եւ արձանագրված թերությունների մասին՝ առ 26.07.2018 թ.,
5. 1-3 տրանշների շինարարական աշխատանքները երկարացնելու պատճառների, դրանց ազդեցության չափի եւ դրանց հետեւանքով առաջացած վնասների (տույժերի) մասին,
6. 1-3 տրանշների ճանապարհամերձ տարածքների օտարման գործընթացում ձեռք բերված հողերի չափերի, տեսակների, արժեքների, դրանց տեղաբաշխման (քարտեզագրված) եւ առկա դատական վեճերի մասին:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը պատրաստակամություն է հայտնում իր մասնագիտական աջակցությունը տրամադրել բոլոր շահագրգիռ պետական մարմիններին եւ անձանց:





























