Յոհաննեսբուրգում, որտեղ ընթանում են BRICS  (Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) 10–րդ գագաթնաժողովի հոբելյանական միջոցառումները, տեղի է ունեցել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների նիստը փակ ռեժիմում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հանդիպումն սկսվել է միավորման առաջնորդների համատեղ լուսանկարման արարողությունից։ Այնուհետեւ սկսվել է BRICS  ղեկավարների նեղ կազմով նիստը մամուլի համար փակ ռեժիմում։ Նիստի ժամանակ ենթադրվում է կարծիքների փոխանակում միջազգային  գործերում ՄԱԿ կենտրոնական դերակատարման պահպանման եւ ԱՀԿ նորմերի ու սկզբունքների հիման վրա ազատ բազմակողմ առեւտրային համակարգի, գլոբալ տեղակատվական անվտանգության, ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու հարցերի շուրջ։

Միջոցառումն այնուհետեւ կշարունակվի ընդլայնված ձեւաչափով։ Նախատեսվում է քննարկել BRICS–ում ՀԱՀ նախագահության միջանկյալ հարցը, «թվային» հեղափոխության օգտագործման առավելությունները եւ բացասական հետեւանքների նվազեցումը։

Պետությունների ղեկավարները կլսեն նաեւ BRICS  Գործարար խորհրդի եւ Զարգացման նոր բանկի գործունեության հաշվետվությունը, որոնք Յոհանեսբուրգում իրենց նիստն անցկացրել են հուլիսի 25–ին։

Գագաթնաժողովի օրակարգում է նաեւ տարածաշրջանային հարցերում, մասնավորապես՝ Սիրիայում եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում գործողությունների համակարգումը, Կորեական թերակղզու եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ  իրավիճակի կարգավորումը։

Գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը կդառնա Յոհաննեսբուրգյան հռչակագիրը։