Ժողովրդական կուսակցության նախաձեռնած հանրահավաքային շարժումը նպատակ չունի յուրացնել Հայ ազգային կոնգրեսի ընտրազանգվածի ձայները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 31-ին հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ հավելելով. «Մենք էնքան ձայներ ունենք, որ կարանք մի քիչ էլ ՀԱԿ-ին տանք»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին միանալու հնարավորությանը՝ ԺԿ նախագահն ասաց, որ ՀԱԿ-ին ինքը «շատ լավ» է վերաբերում, քանի որ, իր կարծիքով, ընդդիմադիր այդ դաշինքում կա բարոյական, պայքարի միտված մի մեծ հատված։

Սակայն նույնը չի կարելի ասել ՀԱԿ անդամ ՀՀՇ-ի մասին: «Իմ համախոհները չէին ուզենա, որ նրանցից որոշ դեմքեր իմ կողքին կանգնեին: Դա կհիասթափեցներ նրանց»,-հայտարարեց ԺԿ նախագահը: Ինչ վերաբերվում է իշխանության հետ հնարավոր համագործակցությանը, ապա Տիգրան Կարապետյանը բացառում է նման հեռանկարը։

«Ես կոալիցիայի կազմում եմ  միայն այն ուժերի հետ, որոնք հայանպաստ են, ժողովրդանպաստ են: Այն ուժերը, որոնք տանում են կործանման, դա ներկա իշխանություններն են,  որոնք չունեն ապագա, որոնք վստահություն չունեն ժողովրդի կողմից: Նրանք մենակ դրսից ակնկալիքներ ունեն, իսկ այդ իշխանության մեջ մենք ճանապարհ գնալու չունենք»,-հայտարարեց ԺԿ նախագահը: