Հայաստանում միշտ էլ ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ։ Այսօր՝ հունվարի 31-ին այդ մասին հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Գյուլումջյանը։ Մասնավորապես՝ 2010 թ. ծնվել է 44,8 հազ. երեխա, որից 53,5 տոկոսը՝ տղա։ Ծնելիության աճը կազմել է ընդամենը 1 տոկոս։ 1000 բնակչի հաշվով Հայաստանում ծնվել է 13,8 երեխա՝ նախորդ տարվա 13,7-ի համեմատ։

Ծնված աղջիկներին ամենաշատը տրվել են Մանե, Միլենա, Անի, Անահիտ անունները; Տղաներին՝ Նարեկ, Դավիթ, Գոռ։

Ծնունդների ամենամեծ աճ Հայաստանն ունեցել է ճգնաժամային 2009-ին՝ 7,8 տոկոսով; Ըստ «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի՝ ծնուննդների ամենամեծ աճ տեղի է ունենում սոցիալապես անապահով խավերի շրջանում։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի բնակչության կշիռը շրջակա մուսուլմանական աշխարհում այս պահին կազմում է 1 տոկոս, 30 տարի հետո կիջնի մինչեւ 0,5 տոկոս։ Ընդհանրապես՝ սոցիոլոգը գտնում է, որ աշխարհի մուսուլմանները թվաքանակով արդեն հավասարվել են կաթոլիկ քրիստոնյաներին, ու եթե աճի այս տեմպերը պահպանվեն, ապա շուտով կհավասարվեն նաեւ բոլոր քրիստոնյաներին։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհում կստեղծվի որակապես այլ իրավիճակ։