Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկություն չունի Բելգիայում ապաստան ստացած հայերի արտաքսման վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի ռեֆերենտ Հասմիկ Կաշաղչյանը։ Նա նշեց, որ Բելգիայում ապաստան ստացածների խնդիրներով զբաղվում են բելգիական իշխանությունները եւ Բելգիայում Հայաստանի դեսպանությունը իրավասություն չունի արտաքսել Հայաստանի քաղաքացիներին։
Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկությանը, թե քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները ծրագրել էին հունվարի 31-ին բողոքի ակցիա կազմակերպել, ապա այս մասին նույնպես ԱԳՆ աշխատակիցը որեւէ տեղեկություն չուներ։ «Նախարարությանը այդ մասին որեւէ բան հայտնի չէ։ Եթե նման ակցիա լիներ, ապա այդ մասին ԱԳՆ մամուլի բաժինն անպայման տեղյակ կլիներ»,-հայտնեցին ԱԳՆ-ից։
Նշենք, որ Բելգիայում ապաստան ստացած հայերի շրջանում եղած տեղեկատվության համաձայն, ՀՀ իշխանությունները խնդրել են Բելգիայի իշխանություններին հնարավորինս շատ հայերի արտաքսել Հայաստան, քանի որ մեր երկրի արտագաղթը ահագնացող չափերի է հասել:
NEWS.am-ի թղթակիցը կապվեց նաեւ Բելգիայում քաղաքական ապաստան ստացած ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի հետ, ով հայտնեց, իր տվյալներով, Բելգիայում, իրոք, նման գործընթաց է տեղի ունենում։ Պատճառն այն է, որ բելգիական իշխանությունները հայաստանցի փախստականների փաստաթղթերում կեղծիքներ են հայտնաբերել։ «Նրանք հայտարարել են, որ Բելգիա են մեկնել եւ քաղաքական ապաստան են հայցել, քանի որ Հայաստանում իրենց ընդդիմադիր հայացքների համար քաղաքական հետապնդումների եւ հալածանքների են ենթարկվել ՀՀ իշխանությունների կողմից։ Սակայն պարզվել է, որ նրանք իրականում ոչ մի կապ չունեն քաղաքական որեւէ կազմակերպության հետ»,-մասնավորապես նշեց Վիրաբյանը։ Նա նաեւ հավելեց, որ մի քանի տասնյակ ընտանիքներ ներկայումս կանգնած են արտաքսման վտանգի առաջ։ «Նրանք Հայաստան վերադառնալուց հետո հայտնվելու են տխուր իրավիճակում»,-հայտնեց Վիրաբյանը՝ հավելելով, որ Բելգիա հասնելու համար այդ մարդիկ ահռելի ծախսեր են կատարել՝ վաճառելով իրենց ունեցած-չունեցածը։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը անդրադառնալով այլ երկրներից ՀՀ քաղաքացիների արտաքսումներին՝ նշեց, որ մեծացել է հատկապես Բելգիայից արտաքսվող հայաստանցիների թիվը:
«Մարդիկ կարծում են, որ փախստականի կարգավիճակ ստանալով՝ բոլոր դռներն իրենց առջեւ բացվելու են եւ հայտնվելու են կաթի ու մեղրի լճակների մեջ: Դա տարածված ու սխալ մտայնություն է»,-հայտարարել էր Եգանյանը։ Նա նաեւ նշել էր, որ փախստականի կարգավիճակով Բելգիայում հայտնվածների միայն 0,3 տոկոսն է ապաստան ստանում։





























