Հայաստանի կառավարությունը որոշել է երկարաձգել «ՎԿՍ Արմենիա» ընկերությանը տրամադրված թույլտվությունը՝ օգտագործված կարի մեքենաները «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծելու համար։

«ՎԿՍ Արմենիա»-ն գերմանական «Եվրոդրեսս» ընկերության հետ կնքած պայմանագրով կարի ծառայություններ է մատուցում մատակարարի կողմից տրամադրված հումքով:

Ընկերությունում աշխատում են ներկայումս 335 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը կանայք են: Ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրական գործունեությունը Հայաստանում, որի նպատակով կատարվում են աշխատանքներ Շիրակի մարզի Ամասիայում նոր արտադրություն հիմնելու ուղղությամբ:

Հաշվի առնելով, որ բարձրորակ կարի ծառայություններ մատուցելու համար ներկա դրությամբ Հայաստանում չկան անհրաժեշտ մեքենա-սարքավորումներ, ընկերությունը   ժամանակավոր օգտագործման նպատակներով դրանք ներմուծում է արտերկրից:

Համաձայն պայմանագրի` արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները եւ  պարագաները տրամադրվում են «Եվրոդրեսս» ընկերության կողմից եւ  հանդիսանանում են  վերջինիս սեփականությունը։ Այդ սարքավորումները դուրս կբերվեն հանրապետությունից աշխատանքներն  ավարտելուց  հետո:

Կառավարությունն արդեն իսկ 2009 թ. թույլատրել է ընկերությանը կարի մեքենաների ներմուծումը ձեւակերպել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, սակայն այս տարի այդ ժամկետը լրանում է։ Վաղը՝ փետրվարի 3-ին կառավարությունը որոշում կընդունի այդ ժամկետը երկարաձգելու մասին։