«Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծությամբ չի զբաղվել։ Այս մասին հայտնում է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնօրինությունը, հերքելով մամուլում հրապարակված տեղեկատվությունն այդ մասին: Ս. Տեր-Պողոսյանը մինչեւ դեկտեմբերի 31-ը` եղել է վարչապետի խորհրդականը:

Նշենք, որ հունվարի 31-ին «Հետք» էլեկտրոնային շաբաթաթերթը գրել էր, թե ախթալացիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը մեղադրում են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու եւ նրանց պղծելու մեջ: Սերոբ Տեր-Պողոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է այն ամենը, ինչ հրապարակվել է՝ ասելով, թե այս կերպ փորձում են արատավորել իր ու իր կնոջ բարի համբավը:

ԱՄՆ քաղաքացին առանց անուններ նշելու ասել է, թե Ախթալայում իրեն նախանձողներ կան, որ շարունակ վատություն են ուզում իրենց անել, բայց ինքն, այս ամենին հակառակ, միշտ էլ օգնել է ախթալացիներին, ու կշարունակի օգնել:

«Հետք»-ի հրապարակման մեջ նշվում է, որ Ախթալայի բնակիչ 25-ամյա Վահրամ Փարսադանյանը շանտաժի է ենթարկել Սերոբ Տեր-Պողոսյանին: Տղան 30 հազար ԱՄՆ դոլար պարտք է ունեցել: Գումարը պահանջել է Սերոբ Տեր-Պողոսյանից՝ սպառնալով չտալու դեպքում նրա մանկապղծության փաստը հաստատող` իր ձեռքի տակ եղած տեսագրությունը հանձնել իրավապահներին: Սերոբ Տեր-Պողոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե Վահրամ Փարսադանյանն ու նրա մայրն իր աշխատողներն են: Տղան իսկապես իրենից գումար է խնդրել, բայց ինքը հրաժարվել է տալ եւ նրանց սպառնալիքներին լուրջ ուշադրություն չի դարձրել:

Վահրամ Փարսադանյանի ընտանիքը խուսափում է այս թեմայի մասին խոսել:

Ի դեպ, Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը երեկ հայտնել է, որ իրավապահները Տեր-Պողոսյանի` մանկապղծությունն ապացուցող տեսագրություն չեն ստացել: «Նման տեսանյութ մեզ չի հատկացրել, մենք չունենք», - ասել է դատախազը` հավելելով, թե իր ցուցումով ուսումնասիրվում են հոդվածում նշված հանգամանքները: