«Հայռուսգազարդը» 2010 թ. արդյունքներով շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Այդ մասին նշված է պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ:

«Հայռուսգազարդը» 2010 թ. վճարել է 16,5 մլրդ դրամ հարկ (մոտ 44,2 մլն դոլար)։ Նշենք, որ 2009 թ. արդյունքներով այդ ընկերությունը նույնպես խոշորագուն հարկատուն էր՝ 18,4 մլրդ դրամ հարկային վճարով։

2009 թ. համեմատ՝ խոշոր հարկատուների առաջին տասնյակում էական փոփոխություններ չեն կատարվել, ուղղակի ընկերություններից մի քանիսը փոխել են իրենց տեղերը։

Զգալի առաջընթաց է ապրել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարելով 12,6 մլրդ դրամ (մոտ 33,8 մլն դոլար)՝ նախորդ տարվա 6,3 մլրդ դրամի համեմատ։ Մեկ տարվա ընթացքում ընկերությունը համարյա կրկնակի ավելացրել է հարկերի վճարումը՝ ինչին նպաստել է միջազգային շուկայում պղնձի եւ ինչ-որ չափով՝ նաեւ մոլիբդենի գների աճը։ Սակայն նշենք, որ Քաջարանի կոմբինատը երկար տարիներ եղել է Հայաստանի խոշորագույն հարկատուն, եւ մինչ ճգնաժամը տարեկան բյուջե էր փոխանցում 20 մլրդ դրամից ավելի հարկեր։

Հանքարդյունաբերական ոլորտի մի շարք այլ ընկերություններ նույնպես բարելավել են իրենց վճարումները։ Այսպես՝ այս ոլորտի երկրորդ խոշորագույն հարկատուն՝ Ղափանի «Դինո Գոլդ Մայնինգը» 2010 թ. վճարել է 2,7 մլրդ դրամ (7,2 մլն դոլար)՝ եւ ընդհանուր ցուցակում զբաղեցնում է 21-րդ տեղը, նախորդ տարվա 1,5 մլրդ դրամի  եւ 41-րդ տեղի համեմատ։  Հարկատուների առաջին հարյուրակ է մտել նաեւ «Արմենիան քափըր Փրոգրամ»-ը (Ալավերդու պղնձաձուլարան եւ Թեղուտի ծրագիր), զգալի առաջընթաց ունի նաեւ Ագարակի կոմբինատը:

Բջջային կապի երեք օպերատորներն էլ հանդիսանում են խոշոր հարկատու։ Առաջնությունն այստեղ պատկանում է «ԱրմենՏելին»՝ 14,8 մլրդ դրամ (մոտ 40 մլն դոլար) եւ երրորդ տեղ։ Նախորդ տարի ընկերությունը չորրորդ տեղում էր՝ զիջելով «Ղ-Տելեկոմ»-ին։ Այս տարի «Ղ-Տելեկոմ»-ն է չորրորդ տեղում՝ 13,6 մլրդ դրամով (մոտ 36,4 մլն դոլար)։ «Օրանժ Արմենիան» 12-րդ տեղում է՝ 4,6 մլրդ դրամ (մոտ 12,3 մլն դոկլար)։ Նախորդ տարվա համեմատ ընկերությունը մեկ քայլ հետ է գնացել, սակայն ավելի շատ հարկ է վճարել:

Վառելիք ներմուծող «Ֆլեշը» եւ «Սիթի պետրոլ գրուպը» պահպանել են իրենց ավանդական տեղերը խոշոր հարկատուների առաջին տասնյակում՝ համապատասխանաբար 6-րդ եւ 7-րդ տեղեր:

Էլեկտրաէներգիայի արտադրության աճը 2010 թ. նպաստել է, որ խոշոր հարկատուների ցանկում իր ցուցանիշները բարելավի Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Այդ կազմակերպությունը մոտ 1,5 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել եւ 7,4 մլրդ դրամ (մոտ 19,8 մլն դոլար) ցուցանիշով զբաղեցնում է 8-րդ տեղը:

Խոշոր հարկատուների ցանկում ավանդաբար բարձր տեղեր են զբաղեցնում նաեւ սիգարետի շուկայի մասնակիցները։ Սակայն «Վիդիս Դիսթրիբյուշնը» 2010 թ. առաջնությունը զիջել է տեղական արտադրող «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ին։ Որքան տեղյակ ենք՝ սա առաջին դեպքն է, երբ սիգարետի տեղական արտադրողը ավելի շատ հարկ է վճարում, քան ներմուծողը։ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը վճարել է 7,4 մլրդ դրամ (մոտ 19,8 մլն դոլար) եւ գտնվում է 9-րդ հորիզոնականում։ Նախորդ տարվա համեմատ ընկերությունը մոտ 1,8 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել։ 10-րդ հորիզոնական գտնվող «Վիդիս Դիսթրիբյուշնը» վճարել է 7,1 մլրդ դրամ (մոտ 19 մլն դոլար):