ՆԱՏՕ-ի համար դժվարին ժամանակներ են. նախ՝ նախագահ Թրամփի միտումնավոր քայքայիչ պահվածքը գագաթնաժողովին, հիմա էլ դրա երկու կաեւորագույն անդամների՝ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ գերլարվածությունը: Այս մասին Bloomberg-ում տպագրված հոդվածում գրում է ամերիկացի պատմաբան Հալ Բրանդսը:
Մինչդեռ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրները շատ ավելին են, քան ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնի շուրջ տարաձայնությունը, եւ տարիների պատմություն ունեն: Նույն կերպ էլ ՆԱՏՕ-ի խնդիրներն են շատ ավելին, քան Թրամփի առաջացրած խնդիրները: ՆԱՏՕ-ի առջեւ ծառացել են լուրջ կառուցվածքային խնդիրներ: Թրամփը դրանք չի առաջացրել, չնայած դրանց լուծումը չի հեշտացնում, գրում է Բրանդսը:
Դրա ապացույցն էլ ԱՄՆ-Թուրքիա ընդհարումն է. այն առաջացել է Թրամփի օրոք, եւ նա դրանից այնքան էլ լավ գլուխ չի հանում. հրապարակայնորեն Թուրքիային մեղադրելով եւ հայտարարելով, որ թուրքական ներմուծման նոր սակագները չեն փոոխվելու անգամ Բրանսոնի ազատ աձակվելուց հետո՝ Թրամփն Անկարային տեղ չի թողնում Վաշինգտոնի ուզածով շարժվելու համար:
Հեղինակը նշում է, որ Թուրքիայի հետ խնդիրներն սկսվել են մինչեւ Թրամփի՝ նախագահ դառնալը: Ամերիկայի հակաիլիպական քարոզչությունը, Էրդողանի խորացող ավտորիտարիզմը եւ հակաամերիկյան հռետորաբանությունը, Անկարայի կողմից ռուսական օդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը եւ Թուրքիայի կողմից անհիմն կերպով ԱՄՆ-ին հեղաշրջման փորձի մեջ մեղադրելը սրում են հարաբերությունները՝ անկախ այն բանից, թե Սպիտակ տանն ով է նստած:
«Նույն բանը մեծ հաշվով կարելի է ասել ՆԱՏՕ-ի մասին: Թրամփը խորացրել է անվստահության մթնոլորտը, որը հենց ՆԱՏՕ-ի հիմնադրման գաղափարին՝ հավաքական անվտանգությանն է հակասում: Սակայն նրա պահվածքի նման ազդեցության պատճառն արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրներն են»,- գրում է Բրանդսը:
Նրա կարծիքով՝ սխալ է Թրամփի հայտարարությունն այն մասին, թե դաշնակիցները շահագործում են ԱՄՆ-ի հարստությունն ու կարեւորությունը, քանի որ վտանգավոր կլինի, եթե Եվրոպան սպառազինության եւ անվտանգության մրցավազք սկսի: Սակայն միանշանակ խնդիր է այն, որ աշխարհի ամենահարուստ երկրներից երեքը՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Միացյալ Թագավորությունը չեն կարող մեկ զորախումբ ուղարկել եւ անհրաժեշտ ամեն ինչով ապահովել այն, եթե Ռուսաստանը որոշի հարձակվել Բալթյան երկրների վրա: Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ի դաշնակիցներից շատերն են դադարել լուրջ ներդրում կատարել անվտանգության ոլորտում: Վլադիմիր Պուտինը բազմիցս նրանց հիշեցրել է զինված ուժերի նշանակության մասին, սակայն ՆԱՏՕ-ն սառը պատերազմից հետո առայժմ չի վերականգնել իր պատրաստականությունը:
Բացի այդ՝ ՆԱՏՕ-ի առջեւ ծառացած խնդիրներից է սպառնալիքի աշխարհագրության փոփոխությունը: Նախկինում ԽՍՀՄ-ն ամենամեծ սպառնալիքն էր, եւ պատերազմի դեպքում ակնհայտ էր դրա կիզակետը: Իսկ այժմ, երբ ռուսական զինուժը կենտրոնացած է հիմնականում Արեւելյան Եվրոպայում, ընդհանուր վտանգի առաջացրած միասնությունը նվազել է դաշնակիցների շրջանում:
ՆԱՏՕ-ի արեւելյան հատվածի երկրները շարունակում են Ռուսաստանը դիտարկել որպես գոյության սպառնալիք, սակայն հարավային հատվածում մտավախությունն ավելի մեծ է ահաբեկչությունից եւ գաղթականների ներհոսքից: Հարավի երկրները, չնայած Ռուսաստանի հնարավոր ընտրական միջամտության մասին մտավախությանը, անքան էլ չեն ողջունում Մոսկվայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը եւ կոշտ վերաբերմունքը: Իտալիան եւ Հունաստանը հատկապես շահագրգռված են Ռուսաստանի հետ համագործակցելու եւ տնտեսական հարաբերությունների խորացման հարցում:
Երրորդ պատճառը, Բրանդսի կարծիքով, այն է, որ դաշինքն այլեւս ԱՄՆ-ի ռազմավարության կարեւորագույն մասը չէ: Համաշխարհային ՀՆԱ-ի եւ Եվրոպայի ռազմական ծախսի մասնաբաժինը փոխվել են Ասիայի համեմատ: Ավելին՝ ԱՄՆ-ի անվտանգության եւ ազդեցության հանդեպ մեծագույն վտանգը ոչ թե Եվրոպայից, այլ աշխարհի այլ կողմից է գալիս:
ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարզապես չեն կարող ԱՄՆ-ին օգնել Չինաստանի հզորացման պարագայում այնպես, ինչպես օգնել են սառը պատերազմի ժամանակ եւ դրանից հետո Մոսկվայի եւ Միջին Արեւելքի դեմ պայքարում: Սա է թույլ տալիս, որ Թրամփը սխալմամբ դաշինքը հայտարարի ժամանակավրեպ:
Առավել անհանգստացնող է այն, որ Թուրքիայում, Հունգարիայում, Լեհաստանում շարունակ խորանում է ավտորիտարիզմը, եւ այնտեղից բազմիցս են հնչում համակրանքի արտահայտություններ Պուտինի հասցեին, ինչը հարցականի տակ է դնում դաշինքի ներուժը ռուսական հարձակողականության դեմ պայքարում: Ավտոկրատիայի զարգացումը դաշինքի ներսում նույնպես կասկածի տակ է դնում դաշինքի համընդհանուր քաղաքական հայացքները:





























