Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ին, Եվրոպային, Չինաստանին եւ Ճապոնային կոչ է արել նոյեմբերին Փարիզում առեւտրի հարցերը քննարկել, հաղորդում է AP-ն:
Ֆրանսիայի դեսպանների առջեւ իր ելույթում Մակրոնն ասել է, որ համաշխարհային առեւտրի կանոնները ներկայումս չեն աշխատում, բայց «միակողմանիությունն ու առեւտրային պատերազմը վատագույն պատասխանն է»:
Նա առաջարկել է այս հարցի վերաբերյալ հանդիպում կազմակերպել նոյեմբերի 11-ին Փարիզում՝ Առաջին Համաշխարհային պատերազմին նվիրված միջոցառումների շրջանակում, քանի որ նա հրավիրել է տասնյակ համաշխարհային առաջնորդների, այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն արդեն հայտարարել է, որ կգա:
«Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի արդար եւ արդյունավետ համակարգ կառուցել: Կարծում եմ, որ մենք չպետք է զիջենք հեգեմոնիային եւ համընդհանուր բաժանմանը», - ասել է Մակրոնը` նկատի ունենալով Թրամփի առեւտրային քաղաքականությանը:




























