ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է չեղարկել Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագիրը (NAFTA) եւ այն փոխարինել «ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ առեւտրային համաձայնագրով»:
Նա ասել է, որ ԱՄՆ-ն եւ Մեքսիկան կարողացել են համաձայնության գալ այս հարցի վերաբերյալ: Ինչպես նշում է AP-ն, այս որոշումը կարող է հանգեցնել 24-ամյա առեւտրային պակտի չեղյալ հայտարարմանը, որը Թրամփն «աղետ» է անվանել: Ակնկալվում է, որ ավելի ուշ հրապարակվելու է Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնագրի մասին տեղեկատվությունը:
Թրամփը նշել է, որ նա կզանգի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: «Եթե նրանք ցանկանան ազնիվ համաձայնության գալ, մենք ընդաառաջ կգնանք», - ասել է նա` սպառնալով մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներկրվող ավտոմեքենաների համար:
Կանադայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Օտտավան ոգեշնչված է NAFTA-ի գործընկերների լավատեսությամբ եւ կշարունակի գործարքի վերաբերյալ բանակցությունները, սակայն պայմանագիր կկնքի, որը բխում է Կանադայի շահերից:
«Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի միջեւ առաջընթացը անհրաժեշտ պայման է NAFTA համաձայնագրի վերանայման համար: Մենք մշտապես շփվում ենք բանակցությունների մեր գործընկերների հետ», - ասել է նա:




























