ԵՄ-ում մտադիր են հրաժարվել ձմեռային եւ ամառային ժամանակին անցումից: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով հարցման արդյունքները, որում ԵՄ երկրների բնակիչների գերակշռող մեծամասնությունը հանդես են եկել ժամացույցի սլաքների տեղափոխությունը չեղարկելու օգտին, փոխանցում է DW-ն:
Յունկերը նշել է, որ հարցը կներկայացնի Եվրահանձնաժողովի ղեկավարության քննարկմանը: «Որոշումը կընդունվի այսօր»,- հավելել է նա:
Եվրահանձնաժողովի կողմից հավանություն ստանալու դեպքում այն պետք է հաստատեն Եվրախորհրդարանը եւ ԵՄ անդամ երկրները: Եվրախորհրդարանի աջակցությունը երաշխավորված է համարվում, չնայած անդամ երկրները միակարծիք չեն, հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչ Պետեր Լիզեն: Նա նշել է, որ որոշ պետություններ այս հարցում իրենց դիրքորոշումը դեռ չեն հայտնել, ներառյալ Գերմանիան:
Քվեարկության պաշտոնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, սակայն ոչ պաշտոնական տվյալներով՝ դրան մասնակցել է 4,6 մլն մարդ, որոնց 80 տոկոսից ավելին աջակցել է միասնական ժամանակին անցնելուն: Մեծ մասը հանդես է եկել ամառային ժամանակի պահպանման օգտին:





























