Գեյմերները հաճախակի ոտքի տակ են առնում ողջ համացանցը հետաքրքիր խաղեր գտնելու համար: Ճիշտ է խաղերը շատ են, բայց քանակը չի կարող փոխարինել որակը:

NEWS.am-ը որոշեց թեթեւացնել գեյմերների դժվարին կյանքը, ու զբաղվել հետաքրքիր եւ ուշադրության արժանի խաղերի փնտրտուքներով: Եվ որոնումները մեզ տարան անտառ: Ձեզ ենք ներկայացնում The Forest բաց աշխարհով խաղը, որը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 30-ին:

Գործողությունները տեղի են ունենում անմարդաբնակ կղզում (չնայած էդքան էլ անմարդաբնակ չի, մանրամասները նյութում), որտեղ խաղային կերպարը որդու հետ հայտնվում է ավիավթարի հետեւանքով: Սակայն որդուն տանում է ինչ-որ կարմիր մարդ: Հոր փնտրտուքները զարգանում են բավականին հետաքրքիր եւ լարված սյուժեում:

Կղզում ողջ մնալու համար օգտագործվում են բնական ռեսուրսները: Խաղացողը զբաղվում է որսորդությամբ, ստեղծում ապրելու համար պայմաններ, կարճ ասած Ձեր կերպարի բարեկեցությունը կախված է հենց Ձեզնից:

Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է: Անմարդաբնակ կղզում գործել է լաբորատորիա, որտեղ մուտանտներ են ստեղծվել: Եվ հնարավոր են հարձակումներ նրանց կողմից: Եվ ինչպես հասկանում եք, կացինը բացի ծառ կտրելուց նաեւ այլ գործառույթ է կատարելու:

Խաղը հնարավոր է խաղալ նաեւ ընկերների հետ: Միասին անցնել փորձությունների միջով, հասկանալ, թե ինչ է կատարվում, եւ ինչպես է պետք գոյատեւման պայքար մղել:

Այն կարող է ապահովել ուրախ եւ հետաքրքիր ժամանց:

The Forest-ը ստանում է բավականին լավ արձագանքներ խաղացողների կողմից:

Steam-ում կատարած նրանց գրառումներից կարելի է հասկանալ, որ խաղն ուղղակի թողում է աննկարագրելի էմոցիաներ:

Սյուժեի զարգացումից պարզ է դառնում՝ արդյոք հայրը գտնում է որդուն, թե ոչ: Ես գիտեմ պատասխանը, բայց Ձեզ չեմ ասի: Խաղացեք ստացեք վառ էմոցիաներ, ներգրավվեք խաղային այդ աշխարոհում, եւ կստանաք բոլոր հարցերի պատասխանը: Անխոս, The Forest-ը իր տեսակի մեջ լավագույններից մեկն է:

Ալբերտ Դադոյան