Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերաբերյալ Վճռաբեկի կայացրած որոշումը պաշտպանական կողմը դեռ չի ստացել: Այս մասին NEWS.am-ին ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը փոխել էր այս գործով ամբաստանյալներ Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի ու Արմեն Պողոսյանի խափանման միջոցներն ու որոշում կայացրել գործն ուղարկել նոր քննության:
«Շուրջ 3 ամիս է անցել, սակայն, մենք դեռ որոշումը չենք ստացել: Թե ինչ պատճառով մեզ դեռ որոշումը չեն ուղարկել, չեմ կարող ասել: Ամեն դեպքում մենք չենք շտապում, որովհետեւ Սամվել Բաբայանն ազատության մեջ է»,- ասաց Ավետիս Քալաշյանը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը:





























