Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին կարգադրություն է ստորագրել, որով Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Սոկրատ Հախվերդյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից: Ընդ որում՝ մարզպետն այս մասին նաեւ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Սոկրատ Հախվերդյանի փաստաբան Դիանա Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում հավաստեց, որ կարգադրությունում Հախվերդյանին աշխատանքից ազատելու հիմնավորումների մասին որեւէ խոսք չկա, միայն վկայակոչված է այն իրավական հիմքը, որով մարզպետն իրավունք ունի բժշկական կենտրոնի տնօրենին ազատել աշխատանքից. «Կարգադրությունից այն տպավորությունն է, որ իսկապես մարզպետի դեմ խաղ չկա, ինքը գյուղապետից արդեն դարձել է մարզպետ եւ ում ցանկանա՝ աշխատանքից կազատի, ում էլ՝ կնշանակի: Եթե քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն առայժմ խոսքերով է ասում, որ իրենց դեմ խաղ չկա, իշխանափոխության ընթացքում գյուղապետից մարզպետ դարձած Գարիկ Սարգսյանն արդեն գործով է դա ապացուցում»:

Փաստաբան Դիանա Գրիգորյանի խնդմամբ՝ մարզպետի հրամանն ակնհայտ անօրինական է եւ նպատակ է հետապնդել բժշկական կենտրոնի տնօրենի հաստիքն ազատել, որպեսզի այն զբաղեցնի մարզպետի մտերիմներից մեկը:

«Սոկրատ Հախվերդյանի պաշտոնավարման շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ տարի հինգ ամիսների ընթացքում Սոկրատ Հախվերդյանը կարողացել է բժշկական կենտրոնի վրա կուտակված 97 մլն դրամի պարտքը նվազեցնել շուրջ 13 մլն-ով: Եվ դա այն դեպքում, երբ բժշկական կենտրոնը վերանորոգման մեջ գտնվելու պայմաններում աշխատում է կեսից պակասծանրաբեռնվածությամբ: Սոկրատ Հախվերդյանն օպտիմալիզացրել է ուրճացված աշխատակազմը՝ կրճատելով ավելի քան 74 հաստիք եւ կարողացել է վճարել հաստիքների կրճատման արդյունքում գոյացած 27 մլն վերջնահաշվարկի պարտքը»,- նշեց փաստաբանը:

Դիանա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Սոկրատ Հախվերդյանի փոխարեն Արտաշատի բուժկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Համբարձումյանը, որի եղբայրը ժամանակին դժգոհել է Հախվերդյանից այն բանի համար, որ Սոկրատ Հախվերդյանը բոլորին ստիպել է «սպիտակով» աշխատել:

«Սոկրատ Հախվերդյանը ստեղծել է հիվանդների հետ հետադարձ կապի համակարգ, որի միջոցով հնարավոր է եղել հսկողություն իրականացնել եւ կանխել հնարավոր ապօրինություններն ու յուրացման դեպքերը: Այս մասերով կան նաեւ հարուցված քրեական գործեր: Պետք է փաստենք, որ մեկ տարի առաջ Սոկրատ Հախվերդյանը Արտաշատի ԲԿ-ի տնօրեն նշանակվեց կենտրոնի համար ճգնաժամային պայմաններում, երբ բուժկենտրոնը հսկայական պարտքեր էր կուտակել, ուներ  ուռճացված աշխատակազմ, բարձր տոկոսներով վարկեր: Հախվերդյանի կառավարման շատ կարճ ժամանակահատվածում ոչ միայն կիսով չափ աշխատող հիմնարկը կարողացել է էականորեն թոթափել պարտքերը, այլեւ նվազեցնել վարկային տոկոսադրույքները, վերացնել ԲԿ-ում առկա յուրացման դեպքերը:

Բուժհաստատության արդեն նախկին տնօրենի շահերի պաշտպանը տարակուսում է. ո՞ր թերացման համար է մարզպետը պաշտոնից ազատել Սոկրատ Հախվերդյանին. «Թե՞ ժողովուրդը պայքարեց, որՆիկոլ Փաշինյանի թիմը գա իշխանության, որ գործազուրկ չլինեն կամ ավելի լավ պաշտոններ ունենան, որ գյուղապետը մարզպետ դառնա ու նորմալ աշխատող մարդկանց հանի եւ իր ընկերներին նշանակի՞»: