Օրինագծով առաջարկվում է թույլ տալ ԱԻՆ ծառայություններին, շտապօգնությանը, ինչպես նաեւ ոստիկանությանը ահազանգեր ստանալու դեպքում ներդնել եւ օգտագործել գտնվելու վայրի որոշման համակարգ։ Այս մասին հայտնել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ 2011 թվականից ԱԻՆ–ում գործող «911» արագ արձագանքման կենտրոն ավելի քան 6 միլիոն զանգ է ատացվել։ «Հաճախ գրանցվել են դեպքեր, երբ զանգող քաղաքացին օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չի կարող իր գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրել։ Այս պայմաններում շտապ բժշկական օգնություն տրամադրելը զգալիորեն ձգձգվում է եւ, ըստ էության, ուշանում է։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուժեր ներգրավվել»,–ասել է նա։
Բացի այդ, համապատասխան ծառայություններ մատուցող օպերատորին կամ աշխատակցին առաջարկվում է հասանելիություն տալ ահազանգը հնչեցրած քաղաքացու անձնական տվյալներին։




























