ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ հաղորդում ներկայացրած ՀԱԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Գեւորգյանի դեմ՝ պատիվն արատավորելու համար: Այս մասին նա ասել է այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես իմ պատիվը արատավորելու համար հայց եմ ուղարկել դատարան, որ տվյալ անձը պատասխանատվության ենթարկվի, առայժմ բարոյական վնասս վերականգնի: Թող մամուլով կամ հեռուստատեսությամբ ներողություն խնդրի իր հայտարարության համար: Ես կարդարացվեմ, իմ պատիվը կվերականգնեմ, տվյալ անձնավորությունը ներողություն կխնդրի, որից հետո եթե շարունակի, իրեն ֆինանսական տույժի էլ եմ ներկայացնելու եւ գումարն ուղարկեմ որեւէ մանկատուն»,-հայտարարեց Ալիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ տվյալ անձնավորությանը ո՛չ տեսել է, ո՛չ ճանաչում է. «Նույնիսկ հեռախոսով հետը մեկ անգամ չեմ խոսել, գոնե ձայնը լսած լինեմ: Իր մասին լսել եմ ընդամենը «Ավազահատիկի» հայտարարության առնչությամբ, որի մասին խիստ զարմացել եմ, որովհետեւ ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Ա.Սարգսյանը՝ հավելելով. «Քանի որ ինքը փորձել է իմ պատիվն արատավորել, իմ անունը բերել հասցրել է այս մակարդակին, ենթադրում եմ, որ հարուցված գործի շրջանակներում անպայման ես էլ կհայտնվեմ: Չի բացառվում, որ իմ դեմ էլ գործ կհարուցվի: Հիմա այնպես է, որ առանց համապատասխան ստռուգման անմիջապես գործ են հարուցում»:

Նախկին ոստիկանապետը նշեց, որ դեռ չի հարցաքննվել, բայց երեւի կհրավիրեն:

«Ես հիմա հայտարարում եմ, որ ընդհանրապես առնչություն չունեմ այս գործին: Ես չեմ կարծում՝ այսքան թեթեւամիտ լինեի, մի բանի հետ առնչություն ունենայի ու հիմա այսպիսի հայտարարություն անեի: Ընդհանրապես տեղյակ չեմ: Ցավում եմ, որ առանց ստուգման, թե արդյոք առկա է համապատասխան հանցակազմ, ընդհանրապես հանցադեպ կա, իմ հետ դա ինչ առնչություն ունի, միանգամից հարուցում են քրեական գործ, որից հետո սկսում են ստուգումները: Բնականաբար, գործը կարճվելու է, որովհետեւ ես որեւէ կապ չունեմ դրա հետ: Բայց սկսում ենք հետեւից կողմից. Գործը հարուցում ենք, մարդկանց վարկաբեկում ենք, շատերը հանիրավի ուրախանում են, հետո պարզվում է, որ դա չկա»,-ընդգծեց Ալիկ Սարգսյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս այս գործով որեւէ պատասխանատվություն կրելու խնդիր չունի. «Նա տեղյակ չի, որքան ես հասկանում եմ: Նա չէր միջամտի ինչ-որ «ավազահատւիկ» եւ այլն: Բայց քանի որ քրեական գործ է հարուցվել, թույլ տվեք, թող քննությունը պարզի: Հովիկ Աբրահամյանը պաշտպանվելու ձեւն էլ գիտի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ պաշտոնական լիազորություններն անցնելու ու խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական գործով Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի, ինչպես նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից առերեւույթ չարաշահումներին առնչություն ունենալու վերաբերյալ փաստեր են ձեռք բերվել:

Գեւորգ Գեւորգյանը 2000 թվականին հիմնադրել է «Ավազահատիկ» ՍՊԸ-ն եւ Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվել:

2000-2006 թվականների աշխատանքի արդյունքում, ներգրավելով նաեւ վարկային միջոցներ, կատարվել են շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ՝ ձեռք բերելով ավազի լվացման եւ մաղման հոսքագծեր: Բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ, սակայն, սկսվել են խնդիրները։ Մասնավորապես, 2008 թվականին Հովիկ Աբրահամյանն իր մոտ է հրավիրել Գեւորգ Գեւորգյանին եւ ասել, որ իր բաժնեմասերի 60 տոկոսը պետք է տա իրենց՝ 30 տոկոսը՝ իրեն, մյուս 30 տոկոսը՝ Ալիկ Սարգսյանին: