«Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մի կողմից մտահոգություն է հայտնել, իսկ մյուս կողմից՝ զորակցություն արտահայտել ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին` այսօր համացանցում հայտնված գաղտնալսման առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել գաղտնալսման հեղինակներին բացահայտելու առնչությամբ, որով փորձ է արվում հարված հասցնել երկրի ուժային կառույցների հեղինակությանը եւ ազդել երկրում սկիզբ առած կարեւորագույն եւ աղմկահարույց բացահայտումների վրա:

Միեւնույն ժամանակ կուսակցությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնում կառավարությանը եւ իրավապահ մարմինների ղեկավարներին ու աշխատակիցներին, կոչ անելով հետեւողականորեն շարունակել մարտի 1-ի լիակատար բացահայտման, երկիրը կողոպտած, կոռուպցիայի, թալանի եւ գանձագողության մեղավորների հայտնաբերման եւ պատասխանատվության կանչելու գործում: Հույս ենք հայտնում, որ այս դիպվածը էլ ավելի նպատակային կդարձնի մեր ողջ իրավապահ համակարգի գործունեությունը քրեական եւ կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է: