ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Յոհաննեսբուրգում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովին հանդես է եկել հաշվետվողականության եւ ինքնուրույնության սկզբունքների շրջանակներում դատախազական համակարգի կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Դավթյանը ողջունել եւ խիստ արդիական է համարել աշխարհում հանրային հաղորդակցության եւ քաղաքական ազդեցության տեխնոլոգիական զարգացման ներկայիս ժամանակաշրջանում դատախազական համակարգի անկախության ապահովման մարտահրավերը գլոբալ ֆորումի քննարկման առարկա դարձնելու հանգամանքը: Նա նշել է, որ ցանկացած երկրում արդյունավետ, վստահելի եւ լեգիտիմ արդարադատության համակարգի կայացման համար չափազանց կարեւոր է քաղաքական եւ տարատեսակ այլ ճնշումներից, ներգործություններից դատախազական համակարգի պաշտպանվածության, քաղաքացիական վերահսկողության իրավական երաշխիքների ներդրումն ու գործադրման պայմանների ապահովումը, ընդհանրական միջազգային ստանդարտների տեղայնացումը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այս ուղղությամբ Հայաստանում վերջին մի քանի տարիներին իրականացվել են նշանակալի գործնական քայլեր: «Հայաստանում կատարված սահմանադրաիրավական բարեփոխումները կանխորոշել են դատախազության զարգացման ուղիները, իսկ 2017թ. ընդունված եւ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքը ստեղծել է դատախազության համակարգային եւ գործառույթային անկախության, հաշվետվողականության շարունակական ամրապնդման իրավական հիմքեր, որոնք ներկայումս ստանում են գործնական կիրառություն:

ՀՀ դատախազությունը շարունակում է պարբերաբար կատարելագործել վերոնշյալ սկզբունքների իրականացման մեխանիզմները, որոնք առանցքային նշանակություն ունեն դատախազության կայուն զարգացման համար»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը:

Մանրամասն ներկայացվել են իրականացված բարեփոխումներով Հայաստանի դատախազության հաշվետվողականության, դատախազության գործունեությանը միջամտելու անթույլատրելիության սկզբունքների իրագործման ներդրված կառուցակարգերը՝ սկսած ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու նոր ընթացակարգերից մինչեւ դատախազների թեկնածուներին ներկայացվող պահանջների, նրանց պաշտոնի նշանակման, պաշտոնեական առաջխաղացման, խրախոսման եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու առավել թափանցիկ եւ հստակ լուծումները, հանցագործությունների քննությունների տարեկան արդյունքների հրապարակման, ԱԺ-ին դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդումներ ներկայացնելու օրենսդրական պահանջները:

Հարավաֆրիկյան Հնարապետությունում շարունակվող համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի քանի երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ՝ քննարկելով իրավական փոխօգնության ոլորտում, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության սերտացման ուղղությունները: