Տավուշի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում 34-ամյա Արման Ա.-ն Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Բերդավան գյուղի վարչական տարածքում, իր վարած Nissan Pathfinder մակնիշի E410 YC 190 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին, այնուհետեւ ծառերին, երկաթե արգելապատնեշին, իսկ հետո՝ մեկ այլ ծառի ու հայտնվել երթեւեկելի գոտուց դուրս՝ ճամփեզրին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր՝ ՌԴ քաղաքացի, 35-ամյա Մհեր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Վարորդ Արման Ա.-ն ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է , որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Խմածության աստիճանը եղել է 1.26 տոկոս։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է ուղեւոր Մհեր Մ.-ին, սակայն մեքենան վարել է նրա ընկերը:



























