«Հայք» կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանն անընդունելի է համարում, որ Հայաստանում հնարավոր է կազմակերպել Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների զրույցի գաղտնալսում:

Նրա խոսքով՝ բազմաթիվ այլ խնդիրներից բացի, Հայաստանում կա նաեւ անվտանգության խնդիր: «Սա ահազանգ է, որ ենք բոլորս անվտանգության մեջ չենք, սակայն շատ լավ է, որ այս խնդիրն արդեն հիմա պարզվել է, այն հետեւողականություն է պահանջում, եւ այսրոպեական լուծում չի լինի»,- սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովսեփյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում հակահեղափոխական ուժերը չէին կարողանա ինքնուրույն կազմակերպել երկու գերատեսչությունների ղեկավարների գաղտնալսումը եւ այն համացանցում հրապարակել, նրանց օգնել են դրսի ուժերը:

Այն դիտարկմանը, թե երկու պաշտոնյաների զրույցից պարզվել է, որ դատական համակարգը հրահանգավորված է գործում՝ այն դեպքում, երբ նոր իշխանությունները հայտարարում են, որ չեն միջամտում դատարանների գործունեությանը, Երեւանի ավագանու անդամի թեկնածու Հրաչյա Սարգսյանը խուսափողական պատասխան տվեց. «Արթուր Վանեցյանն ասել է, որ դատավորին  ծանոթ չէ եւ երբեք չի տեսել»:

Ավելի վաղ համացանցում էր հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Զրույցի ընթացքում կառույցների ղեկավարները քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը: