ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը՝ «Երեւան էքսպո» կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ԴիջիԹեքի կազմակերպիչ` Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու ԴիջիԹեքի, պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ԴիջիԹեք 2018-ը, համախմբելով տեխնոկրատներին, քայլ առ քայլ մոտենում է ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT)՝ կրելով նաեւ 2-րդ՝ «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը: ԴիջիԹեքին կհայտարարվի հետհաշվարկը, քանի որ ընդամենը մեկ տարի անց Հայաստանը կհյուրընկալի միջազգային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ WCIT 2019: 

«Այս տարի ԴիջիԹեքը կունենա միջազգային լայն մասնակցություն, որը պայմանավորված է նաեւ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքներով: Երեւանում կլինեն Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA)  տնօրենների խորհրդի անդամները ՝ ովքեր ԴիջիԹեքում կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին: Նրանք հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝  համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար», նշում է ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Այս տարվա ընթացքում Ucom-ը վերջնականապես որդեգրեց թվային ընկերություն դառնալու ուղին։ Այո՛, մեզ ճանաչում են որպես հեռաhաղորդակցման կամ կապի օպերատոր, սակայն արդեն այսօր դա մեր գործունեության ճյուղերից մեկն է։ Ucom-ը դարձել է նաեւ ամպային տեխնոլոգիաների, բազմաթիվ OTT-հավելվածների, տեսաբովանդակության տարածման նոր ուղիների ստեղծողն ու ջատագովը։ Մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար եւ հաճախորդամետ թվային ընկերության իր իմիջը Հայաստանում: Այսօր մենք ասոցացվում ենք այնպիսի եզրույթների եւ ծառայությունների հետ, ինչպիսիք են NaaS-ը (ցանցը որպես ծառայություն) եւ SaaS-ը (ծրագրային ապահովումը որպես ծառայություն)», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

ԴիջիԹեք տեխնոտոնը՝ համապատասխանեցվելով միջազգային ստանդարտներին, արդեն այս տարի կգրանցի այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար:

Այսպիսով՝ հերթերից խուսափելու համար կազմակերպիչներն առաջարկում են նախապես գրանցվել՝ այցելելով digitec.am կամ ԴիջիԹեքի ֆեյսբուքյան էջ, որտեղ կարելի է գրանցվել հատուկ ստեղծված chatbot-ի օգնությամբ: Պետք է պահպանել ծածկագիրը (QR code) եւ ներկայացնել այն անցակետում: Հակառակ դեպքում, ստիպված կլինեք մուտքի մոտ կրկին գրանցվել:

Իսկ այն այցելուները ովքեր, ինչ-ինչ պատճառներով չեն հասցնի գրանցվել, ԴիջիԹեքի թիմը տեղում կօգնի նրանց գրանցվել:

Գրանցումն անվճար է: ԴիջիԹեքյան օրերին կլինի նաեւ խաղարկություն, որին կմասնակցեն նախապես գրանցված այցելուները. սպասվում են տեխնոլոգիական նվերներ (պլանշետ, հեռախոս եւ այլն):

ԴիջիԹեքի գրանցման հարթակը ստեղծվել է HackTech, իսկ ֆեյսբուքի հատուկ chatbot-ը՝ IUNetworks ընկերությունների հետ համագործակցությամբ:

ԴիջիԹեք 2018-ի շրջանակում կանցկացվեն հայ-գերմանական, հայ-թայվանական գործարար ֆորումներ: Կլինեն նաեւ ԴիջիԼայֆ սեմինարներ:

ԴիջիԹեքի բաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր, հեռահաղորդակցության եւ ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ եւ հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ եւ մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական եւ կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ: Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing Keysight Technologies եւ մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաեւ Հայաստանով եւ Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 14-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը: