Չնայած հանգամանքին, որ իրավապահ մարմինների գործողությունները իրավական շրջանակում է եւ օդից վերցված չէ, սակայն կա որոշակի անհետեւողականություն եւ ցուցադրականություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ–ում այժմ քաղաքական հետապնդումներ արդյոք իրականացվո՞ւմ են։
Հովհաննիսյանը շեշտեց՝ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավական տիրույթում, եւ դա պետք է լինի փաստարկված։ Նրա խոսքով՝ այն պաշտոնյաները, որոնք մեղավոր են ընտրությունների կեղծման կամ Մարտի 1-ի իրադարձությունների համար, պետք է ցուցմունք տան. «Ժողովրդին պետք է ներկայացվի բացարձակ եւ ոչ թե հատվածական ճշմարտություն»,–հայտարարել է նա։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրության առնչությամբ նա նշեց. «Հայաստանում «հեռախոսային արդարադատության» արատավոր պրակտիկա է եղել, սակայն ներկա իշխանություններշը պետք է գիտակցեն, որ ներկայացնում են ՀՀ—ն, ոչ թե առանձին կուսակցություն»։



























