ԲՀԿ-ի միջոցով, կողքով, հարակից, կից որևէ նախկին պաշտոնյա, նախկին քաղաքական ուժ չի գալու իշխանության։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ կողմից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

Նա անդրադարձավ «Մարտի 1»-ի գործին՝ նշելով, որ իրենք որեւէ մտավախություն այդ առումով չունեն. «Այո՛ պետք է բացահայտվի, բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն: Անընդհատ էժանագին  տեխնոլոգիաների մեջ փորձ է արվում շրջանառել, որ ահա Ռոբերտ Քոչարյանը կամ չգիտեմ ով, ԲՀԿ-ի միջոցով գալու է իշխանության, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ԲՀԿ-ի միջոցով, կողքով, հարակից, կից որեւէ նախկին պաշտոնյա, նախկին քաղաքական ուժ չի գալու իշխանության: Հենց գալիս է ընտրարշավը, ասում են՝ ժողովո՛ւրդ, մի հատ նայե՛ք՝ ԲՀԿ-ի հետեւից ում ականջներն են երեւում, եւ ամեն անգամ մենք տեսնում ենք, որ ԲՀԿ-ի հետեւում որեւէ մեկը չկա, բացի մեր թիմից»։