Դատախազությունը չէր կարող քրեական գործ չհարուցել ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների ապօրինի գաղտնալսման հետ կապված: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Դրանից բացի, Մարուքյանը նշեց, որ հայտարարությունները, թե քրեական գործը հարուցվել է վերջերս ծագած սկանդալի քննիչ հանձնաժողովի ձեւավորումանը խոչընդոտելու համար, իրականությանը չեն համապատասխանում:
«Հանձնաժողովի գործունեության արդյունքում ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չի կրի, սակայն գլխավոր դատախազության հարուցած գործի եւ քննչական գործողությունների շնորհիվ մեղավորները կարող են հայտնաբերվել եւ պատասխանատվության ենթարկվել»,- պարզաբանեց պատգամավորը:
Ըստ որում՝ նա նշեց, որ այս գործով իրականության բացահայտումը իսկապես շատ կարեւոր նշանակություն ունի, սակայն դա չպետք է կատարվի սահմանադրական օրենքի ոտնահարման հաշվին:
Միաժամանակ Մարուքյանը մտահոգություն հայտնեց, որ խորհրդարանականների ստեղծած հանձնաժողովը, ըստ էության, անգործ կմնա, քանի որ չի կարողանա լիարժեք գործունեություն ծավալել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները: Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:
ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ




























