Հակահեղափոխությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ դաշտի առողջ ուժերը մասնատվեն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Աջափնյակ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտրոսյանը՝ հավելելով, որ բոլոր այն ուժերը, որոնք պայքարել են մինչեւ վերջ, եթե միասնական պայքար կտանեն, ապա որեւէ հակահեղափոխություն չի կարող լինել։
«Այսպես կոչված հակահեղափոխությունը կարող է գործել այն ժամանակ, երբ մենք մեր միասնականությունը կորցնենք։ Մենք ձեռք բերեցինք միասնականություն, ինչի շնորհիվ եղավ իշխանափոխություն, եւ այս միասնականության շնորհիվ կարող ենք անել հեղափոխական փոփոխություններ։ Եթե կորցնենք, բնական է, որ հակահեղափոխական ուժերը կարող են հաջողել»։
Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք աջակցում են իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում, նաեւ դատապարտում են ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը։



























