Երեւանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ ընտրական դաշտը այսօր էլ հավասար չէ։ Այս մասին նա հայտարարեց սեպտեմբերի 13-ին՝ Աջափնյակում ընտրողների հետ հանդիպմանը։
«Գուցե 5 տարի հետո հավասար լինի, բայց մենք երբեք չենք խորշել անհավասար պայքարից»,-նշեց նա։
Խոսելով ցուցակագրումների ու ընտրախախտումների մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ ոստիկանությունն իրենց հաղորդման հիման վրա քննում է այդ լուրերը․«Այժմ ես ինքս ընտրակաշառքի պահ չեմ տեսել։ Այս անգամ քաղաքացիները պետք է հսկեն իրենց քվեն։ Մեր մրցակիցներն անչափահաս դպրոցականներին չպետք է օգտագործեն որպես սուրհանդակ իրենց նյութերը տարածելու համար, իսկ ինչ վերաբերում է ցուցակագրումներին, ապա այդ լուրերը կան, ոստիկանությունը այդ լուրերը հիմք ընդունելով քննում է»։
Քաղաքապետի թեկնածուն հավաստիացրեց՝ չնայած միացել ենք հեղափոխությանը, բայց պատրաստ են «Իմ քայլը» դաշինքին այլընտրանք լինել նրա կողմից քաղաքական մենաշնորհի դեպքում։
«Մենք քաղաքական ցանկացած մենաշնորհի ընդդիմություն կլինենք։ Մենք դեմ ենք մենաշնորհին, մենք դեմ ենք դաշտի գունավորմանը, մենք կպայքարենք, եթե որեւէն մեկը ցանկանա մենաշնորհել քաղաքական դաշտը»։
Դիտարկմանը, որ «Ժառանգությունը» եւս հայտարարել է, որ մասնակցել է հեղափոխությունը, ուրեմն ինչպես է ընդդիմություն լինելու, նա նշեց․ ««Ժառանգությունը» չի ասել որեւէ բան, «Ժառանգությունը» արել է եւ միշտ ու միշտ կանգնել է մեր հայրենակիցների կողքին»,-հավելեց նա՝ շեշտելով, որ իրենք մերծում են «միայն մենք են» մոտեցումը։




























