Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ 75 տարի շարունակ Եվրոպայում տեղի ունեցող արյունալի պատերազմներն այժմ դառնում են հնագույն պատմության մի մաս, սակայն մինչ այժմ հարաբերական խաղաղությունը պատահականություն չէ, այլ պատերազմներին հաջորդող տարիներին մեծ ջանքերով ստեղծված ինստիտուտների եւ դաշնակցությունների արդյունք: Այս մասին գրում է ԱՄՆ Սենատի նախկին անդամ Ջորջ Միտչելը The New York Times-ում հրապարակված իր հոդվածում:

Նախկին սենատորը կարծում է, որ ԵՄ-ի քննադատների նշած մի շարք թերություններ բավական լուրջ են եւ պետք է վերացվեն: Սակայն թերությունների նկատմամբ գերակշռում են անձնական ազատությունը, կայունությունը եւ եվրոպացիների բարօրությունը: ԵՄ անդամ պետություններին ավելի ձեռնտու է վերացնել եղած թերությունները, քան քանդել միությունը:

Այդ նպատակով իրականացվող առաջին քայլը, ըստ Միտչելի, պետք է լինի Բրեքսիթի բարեհաջող իրականացումը: Չնայած զայրույթին` ԵՄ առաջնորդները պետք է բանակցությունների գնան Բրիտանիայի հետ: Կոշտ պայմաններով Բրեքսիթն այժմ ոչ ոքի ձեռնտու չէ: Նախկին սենատորը կարծում է, որ Բրեքսիթը, ի վերջո, կարող է բացասաբար ազդել Բրիտանիայի տնտեսության վրա, սակայն առաջնային հետեւանքը կարող է լինել այն, որ Եվրոպայի այլ ազգեր որոշեն դուրս գալ միությունից: Իսկ Եվրոպայի թուլացում ու պառակտումը կբերի նրան, որ ԱՄՆ-ն կկորցնի իր կարեւոր ժողովրդավար դաշնակցին՝ Ասիայում եւ Աֆրիկայում հավանական մեծածավալ հուզումներում բռնատիրական ուժերի դեմ պայքարում:

Միտչելը գրում է, որ չնայած միությունը պահպանելու անհրաժեշտությանը` մի մեծ խնդիր մնում է չլուծված. դա ինքնության խնդիրն է: 2013 թվականին Նիդերլանդների կառավարությունն այլընտրանք է առաջարկել «ավելի սերտ միություն» արտահայտության համար. ԵՄ-ի պայմանագրերում առաջարկվում էր դրա փոխարեն գրել «Անհրաժեշտության դեպքում` եվրոպական, հնարավորության դեպքում` ազգային»: Այս առաջարկը որոշակի առումով ընդունվել է, քանի որ Եվրոպական հանձնաժողովը գործընթաց է սկսել, որով հանվում են այլեւս իրենց նպատակին չծառայող օրենքները: 

Սակայն այս գաղափարը դժվար է կիրառել միասնական արժույթի եւ ներգաղթյալների խնդրին անդրադառնալիս: Նշվում է, որ միասնական քաղաքականության բացակայության պարագայում Ասիայից եւ Աֆրիկայից եկող գաղթականների բեռն ընկնում է այն երկրների վրա, որոնք ամենաքիչն են պատրաստ այն տանել: Սրա արդյունքում տեղի ունեցավ Բրեքսիթի քվեարկությունը, եւ մյուս պետություններում եւս նման մտավախություններ կան, չնայած աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքը խիստ կարեւոր է Եվրոպայի տնտեսական աճի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի համար:

Միտչելը գրում է, որ Հունաստանի ֆինանսական ճգնաժամը, գաղթականների հոսքը դեպի Իտալիա եւ ԵՄ այլ երկրներ դանդաղեցրել են այս բանավեճը, սակայն անհրաժեշտ է այն սրել եւ ավելի ուժգին կերպով բանավիճել: ԵՄ-ն պետք է որոշի, թե ո՞րն է իր գլխավոր նպատակը, եւ ապա իր ամբողջ ներուժն ուղղի այդ նպատակի իրականացմանը: Շարունակական անհամաձայնությունները կարող են բարդացնել միության ապագան եւ անգամ հարցականի տակ դնել դրա գոյությունը:

Նախկին սենատորի խոսքով` ԱՄՆ-ն իր բաժինն ունի այդ ամենի արդյունքում: Նախագահ Թրամփն իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում խուսափել է եվրոպական ազգերի հետ առեւտրային համաձայնագրից եւ դուրս է եկել Փարիզի կլիմայական համաձայնությունից, Իրանի միջուկային համաձայնագրից եւ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունից: Նա նաեւ փորձ է արել Չինաստանի եւ եվրոպական երկրների հետ առեւտրային տարաձայնությունները լուծել նոր սակագներ սահմանելու, այլ ոչ թե Առեւտրի միջազգային կազմակերպության կառուցակարգերի միջոցով:

Միտչելի համոզմամբ` ԱՄՆ-ն չպետք է խաթարի իր պատմական դաշնակիցների հետ կապերը: Դրանք գոյություն են ունեցել մինչեւ ԱՄՆ-ում պետականության հաստատումը: Չնայած մի շարք ոլորտներում մրցակցությանը` ամերիկացիները չպետք է, հեղինակի կարծիքով, եվրոպացիներին համարեն իրենց ախոյանը. նրանք գործընկերներ եւ դաշնակիցեր են: Եվ չնայած եվրոպացիները միշտ չէ, որ համաձայն են ամերիկացիների հետ, սակայն հիմնականում բարիդրացիական են տրամադրված ԱՄՆ-ի նկատմամբ եւ ունեն նույն արժեքներն ու հետաքրքրությունները: Ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպան մնա ժողովրդավար, միասնական, ազատ եւ բարգավաճ: